Հայկական «Popok Animation» ստուդիան և ռուսական «Յարկո» ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել
21 Դեկտեմբերի 2024, 10:24
Հայկական «Popok Animation» ստուդիան և ռուսական «Յարկո» անիմացիոն ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել գեղարվեստական ֆիլմերի արտադրության ոլորտում։
Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայի ստեղծարար արդյունաբերության միջազգային շաբաթվա շրջանակներում, որը կազմակերպել է Մոսկվայի ստեղծարար արդյունաբերության գործակալությունը։ Փաստաթղթերը ստորագրել են «Յարկո» ընկերության գլխավոր տնօրեն Ալբինա Մուխամեցյանովան և «Popok Animation»-ի գլխավոր պրոդյուսեր Աղվան Խաչատրյանը։
«Մենք վաղուց գիտենք «Popok Animation» ստուդիան և ուրախ ենք ամրապնդել մեր մտադրություններն այս հանդիսավոր միջավայրում: Այսօր «Յարկո» ընկերության ուշադրության կենտրոնում գեղարվեստական ֆիլմերի թողարկումն է և միջազգային կապերի ընդլայնումը, ուստի ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն և համատեղ վառ նախագծեր»,- նշել է Մուխամեցյանովան։
Պայմանագրերի շրջանակներում կողմերը կարտադրեն համատեղ անիմացիոն ֆիլմեր և սերիալներ, ինչպես նաև հաջորդ տարի կմասնակցեն ամենամյա «Մուլտիպլիկատորների հավաքին»։ Բացի այդ, նախատեսվում է կադրերի փոխանակում և մեկնարկող նախագծերի համատեղ ֆինանսավորում։