Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի քայլերին տրված պատասխան էր․ Ալեքսանդր Ցինկեր
02 Հուլիսի 2026, 22:30
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի կառավարության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։
«Ուրախ եմ, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ես դեռ Իսրայել տեղափոխվելու պահից պայքարել եմ դրա համար և արել եմ հնարավոր ամեն ինչ, ինչպես նաև բազմաթիվ պատգամավորներ և հասարակական գործիչներ։
Մեզ մոտ այդ գործընթացը տարիների ընթացքում աստիճանաբար հասունանում էր։ Օրինակ՝ իսրայելական դպրոցական դասագրքերում բավականին շատ է խոսվում հայ ժողովրդի ողբերգության մասին, թեև ոչ միշտ է օգտագործվում «ցեղասպանություն» եզրույթը։ Իսրայելի տարբեր քաղաքներում կան նաև հիշատակի վայրեր․ օրինակ՝ Պետահ Տիկվայում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, իսկ Հայֆայում կա հրապարակ, որը կրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այսինքն՝ նման փորձեր վաղուց կային, սակայն հարցը երկար ժամանակ չէր հասնում վերջնական լուծման։ Կարծում եմ՝ այստեղ իր դերակատարությունն ուներ նաև իրական քաղաքականությունը՝ Իսրայելի և Թուրքիայի միջև դեռևս 1980-ականներին ձևավորված հարաբերությունների ստատուս քվոն։ Հենց դա էր երկար ժամանակ խոչընդոտում առաջ շարժվելուն»,- ասել է Ցինկերը։
Փորձագետի գնահատմամբ՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև պատասխան էր Թուրքիայի գործողություններին։