Հրանտ Թոխատյանն այսօր դառնում է 66 տարեկան
10 Հունվարի 2024, 23:20
Այսօր՝ հունվարի 10-ին, իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Դերասանը ծնվել է 1958 թվականին Երևանում: Նա դպրոցական տարիքում հետաքրքրվել է հայտնի ՈՒՀԱ-ով, հաճախել է թատերական խմբակ և մասնակցել բեմական իմպրովիզների։ Սակայն Հրանտը որոշում է, որ շատ ավելի կարևոր է բարձրագույն կրթությունը և ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ինստիտուտն ավարտելուց հետո դարձել է գյուղի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ։
Սակայն նա երազում էր կրկին բեմում հայտնվել։ Այդ ժամանակ Երևանում իր առաջին քայլերն էր անում Կամերային թատրոնը, որի ստեղծողները ՈւՀԱ-ի նախկին անդամներն էին` Հրանտի ընկերները։ Նրան առաջարկում են միանալ թատերախմբին, և Հրանտը, բնականաբար, չի մերժում: Հենց այդ ժամանակվանից էլ սկսում է Թոխատյանի դերասանական բուռն կարիերան։
90-ականների սկզբին Հրանտ Թոխատյանը Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ հիմնում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղվում է հեռուստատեսային և ռադիո նախագծերի արտադրությամբ, համերգներով և PR միջոցառումներով։ 1995 թվականից մինչ օրս Թոխատյանը զբաղեցնում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։
Դերասանը լայն ճանաչում է ձեռք բերել «Մեր բակը» սիթքոմի շնորհիվ և գրավել հանդիսատեսի սրտերը։
Հրանտը մեծ համբավ է ձեռք բերել STS հեռուստաալիքի «Վերջին Մոհիկյանը» ռուսական սերիալի շնորհիվ, որտեղ նա խաղում էր ընտանիքի հայ հոր գլխավոր դերը։ Դերասանի կոլորիտային խաղն այնքան հայտնի է դարձել, որ սերիալի ստեղծողները նկարահանել են սիթքոմի մի քանի եթերաշրջան։
Հրանտը հիանալի խաղացել է նաև «Պապ 005» ֆիլմում այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Վախթանգ Կիկաբիձեն և Սերգեյ Շակուրովը։ Հայազգի ամերիկացի ռեժիսորի՝ «Մի անգամ Հայաստանում» ֆիլմում նրա խաղը լավագույնն է ճանաչվել անգամ կինոքննադատների կողմից։
Կինոյին զուգահեռ Հրանտ Թոխատյանը մասնակցել է թատերական ներկայացումների։ Դերասանը խաղացել է «Խաթաբալադա», «Mea Culpa» և այլ հայտնի ներկայացումներում: