Հայտնի իրավապաշտպանները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մրցանակի
18 Մայիսի 2026, 12:40
Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի։
«Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին,- նշել են իրավապաշտպաններն իրենց հայտարարության մեջ:
Նրանք ընդգծել են` ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ պահվում է ադրբեջանական բանտում:
«Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ»,–եզրափակել են նրանք։
Հայտարարությունը ստորագրել են Վահան Զանոյանը (գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու), Մարգարիտ Բարանկիցեն (բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր), Թոմ Քաթինան (ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր), Ջուլիեն Լուսենգեն (իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր), Միրզա Դինային (իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր):