Հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունին ելույթ կունենա Մարիինյան թատրոնում

27 Հունիսի 2023, 11:05

Հայեր | Մշակույթ

Հայ անվանի երաժիշտ, Չայկովսկու 17-րդ միջազգային մրցույթի «Թավջութակ» բաժնի ժյուրիի անդամ Սուրեն Բագրատունին (ԱՄՆ) հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:

Համերգը կկայանա հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:

Սուրեն Բագրատունին Միչիգանի համալսարանի թավջութակի վաստակավոր պրոֆեսոր է, որտեղ ղեկավարում է լարային գործիքների ամբիոնը: Մասնակցում է ազգային և միջազգային մրցույթների՝ որպես ժյուրի, վարպետության դասեր է տալիս ամբողջ աշխարհում:

Մենահամերգներով և կամերային համերգներով հանդես է եկել մի շարք երկրների փառատոններում:

Նրա պատվերով ստեղծվել և առաջին անգամ կատարվել են բազմաթիվ համերգներ և պիեսներ թավջութակի և համույթների համար։

Նրա սկավառակագրությունը (դիսկոգրաֆիա) ներառում է 20 ալբոմ, որոնք էլ իրենց հերթին ներառում են Բախի, Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Դեբյուսիի, Ռախմանինովի, Պրոկոֆևի, Շոստակովիչի, Բաբաջանյանի սոլո և անսամբլային ստեղծագործությունները և համաշխարհային և ամերիկյան պրեմիերաների մի շարք ձայնագրություններ։