ՀԷՑ-ը պետականացնելու արդյունքը լինելու է էներգետիկ ճգնաժամը. Լաուրա Հակոբյան
04 Հուլիսի 2025, 13:20
Եկեղեցու վրա հարձակումը թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգերից է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Լաուրա Հակոբյանը՝ խոսելով ՀՀ իշխանության և եկեղեցու միջև հակամարտության մասին։
«Ազգի 80 տոկոսն ուզում է, որ իշխանությունն օր առաջ հեռանա, բայց մարդիկ այսօր հուսալքված են: Սփյուռքում էլ են դա ուզում։ Կարծում եմ՝ սփյուռքը պետք է ոտքի կանգներ, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար այլևս օրակարգային չէ։ Դա խայտառակություն էր սփյուռքի համար»,- ասել է Լաուրա Հակոբյանը:
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ նա նշել է, որ դա քաղաքական պատվեր էր: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը խլելու գործընթաց է սկսվել։
«Պետական բյուջեն զրո է: Կա մտավախություն, որ պետությունը չի կարող կառավարել ՀԷՑ-ը, եթե չլինեն ներդրումներ։ Իսկ այդ դեպքում հնարավոր է, որ այն վաճառվի օտարերկրյա կազմակերպությանը»,- նշել է հասարակական գործիչը։
Լաուրա Հակոբյանն ընդգծել է, որ այսպիսով փլուզվում է ներդրումային ինստիտուտը, և որևէ սփյուռքահայ չի ցանկանա ներդրում կատարել իր հայրենիքում։
«ՀԷՑ-ը պետականացնելու արդյունքը լինելու է էներգետիկ ճգնաժամը, կառաջարկեն գազ բերել Ադրբեջանից, որի արդյուքում ամբողջությամբ կախված կլինենք թշնամուց»,- հավելել է նա։