ՀՀ-ի նկատմամբ կիրառվում է «մոլդովական սցենարի» պրոյեկցիա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «The Insider»-ի հրապարակման մասին

21 Մայիսի 2026, 12:00

Քաղաքականություն

Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող «The Insider» պարբերականը, որը վաղուց վերածվել է մեդիամանիպուլյացիաների և հակառուսական կեղծ քարոզչության գործիքի, շարունակում է կեղծ լուրեր տարածել՝ կատարելով իր արտասահմանյան հովանավորների պատվերները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Արևմտյան շրջանակների կողմից վերահսկվող մեդիա ռեսուրսների նման ապակայունացնող գործունեության օրինակ է դարձել 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակված հոդվածը՝ «Բռնել «Մորուքից»․ ՖՍԲ-ի, Գլխավոր հետախուզական վարչության և ԱՀԾ-ի ինչ գործակալներ են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» աղմկահարույց վերնագրով, որտեղ կրկին շրջանառվում են արդեն վաղուց հոգնեցրած «կրեմլյան գործակալների» մասին լրտեսական հորինվածքները։

«Հետաքննության» մեջ ներկայացված պնդումները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ և կազմակերպված սադրանք, որի նպատակը ռուս դիվանագետների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն ու ընտրություններից առաջ հայկական հանրությանը վախեցնելն է։ Ֆեյքի հեղինակները, որոնք, ըստ ամենայնի, մանրակրկիտ ուսումնասիրել են դիվանագիտական առաքելության աշխատակիցների կենսագրությունները, նույնիսկ չեն փորձել ստուգել տեղեկատվությունը՝ թույլ տալով բազմաթիվ փաստական սխալներ և անճշտություններ, ինչը միայն ընդգծում է նրանց «պրոֆեսիոնալիզմը» և տարրական գրագիտության մակարդակը։

Որպես «ապացույց» հրապարակվում են կասկածելի «սքրինշոթներ» և ինչ-որ փաստաթղթերից «քաղվածքներ», ինչպես նաև դիվանագետների մասնագիտական գործունեությունից առանձին դրվագներ՝ հիմնված «անանուն» աղբյուրների և օտարերկրյա լրատվամիջոցների վրա, որոնք վաղուց արդեն վարկաբեկվել են ապատեղեկատվության և հակառուսական կողմնակալության պատճառով։

Միևնույն ժամանակ, «The Insider»-ը չի ներկայացնում որևէ համոզիչ փաստ, որը կհաստատի իր մեղադրանքները։

Լրտեսամոլության ոգով հոդվածի հեղինակները որոշել են նաև «մերկացնել» Երևանում Ռուսական տունը, որին մեղադրում են… «փափուկ ուժի» առաջմղման և Հայաստանում մարդասիրական գործունեություն ծավալելու, կրթական ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու մեջ։ Այսինքն՝ հենց այն գործունեության համար, որով արտերկրում պետք է զբաղվի Ռուսական տունը»,- նշված է հաղորդագրությունում։