ՀՀ իշխանությունների՝ ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ Գալուզին

18 Սեպտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել Հայաստանի իշխանությունների այն հիմնավորումները, որոնցով նրանք բացատրում են գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացումը։

«Իշխանական թիմն իր գործողությունները փորձում է արդարացնել կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ձեռք բերված միջոցները պետական գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու կարգախոսներով։ Սակայն դրանց հավաստիությունն, այնուամենայնիվ, խիստ կասկածելի է», — հայտարարել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը «ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի»։

Գալուզինը ընդգծել է, որ «մինչև գործարարի հայտնվելը հանրապետության քաղաքական կյանքում, ընկերության գործունեության վերաբերյալ որևէ պահանջ կամ դժգոհություն չի եղել»։