ՌԴ կառավարության դիրքորոշումը հիմնված է գիտության, տնտեսագիտության և իրավագիտության օրենքների վրա. Մարիա Զախարովա

23 Հունվարի 2025, 17:44

Քաղաքականություն

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի արտահայտած դիրքորոշումը հիմնված է գիտության, տնտեսագիտության, իրավագիտության օրենքների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր հայտարարի եկե՞լ են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրինագծի հարցում, թե՞ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը, ինչպես ավելի վաղ հնչեցրել էր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այն պարզաբանումները, որ տվել է պարոն Օվերչուկը, քաղաքական հռչակագրեր չեն, դրանք եղել են և հանդիսանում են ակնհայտ հետևանքների պարզաբանում, որոնք բխում են որոշակի քայլերից։ Նա քաղաքական կամ քաղաքականապես կողմնակալ կամ իրականությունից կտրված հայտարարություններ չի արել: Բանակցությունները ենթադրում են կարծիքների փոխանակում ինչ-որ հարցի շուրջ, և այդ կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել: Մեր դիրքորոշումը հիմնված է իրողությունների, օրենքների, տնտեսության, օրինականության և իրավունքի ըմբռնման վրա։ Իհարկե, կան տարբեր քաղաքական գործիչներ, որոնք կունենան իրենց հայացքները, բայց ես կարծում եմ, որ Լավրովի և Միրզոյանի հանդիպումն ու բանակցությունները թույլ տվեցին շատ անկեղծ, վստահելի երկխոսություն ծավալել», — նշել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ «Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով ՀՀ-ում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում»,- ասել է նա։