ՀՀ-ում գրանցված տնտեսական աճը խաբկանք է

12 Հունիսի 2023, 15:30

Առաջին հերթին | Կարծիք

«Հայաստանի տնտեսությունը խաբկանքի մեջ է և կանգնած է լուրջ վտանգների առջև», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում այս համոզմունքն է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 12,2 % տնտեսական աճին: Այդ աճը նա պայմանավորել է չորս գործոնով՝

1. պասիվ շինարարությամբ (բնակելի շենքերի կառուցում), որը հետագայում մեր երկրի տնտեսությանը ոչինչ չի տալու,
2. բանկային հարկի շահութաբերության կտրուկ աճով՝ 50%,
3. մանրածախ առևտրի ու ՏՀՏ ոլորտի ծավալների մեծացմամբ, որն ապահովել են ռելոկանտները
4. վերաարտահանմամբ:

Տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ-ում գրանցված տնտեսական աճը իրական է, բայց ոչ ամուր հենքով: Ըստ նրա՝այս ամենի հետևանքով լցվել է պետական բյուջեն, վերոնշյալ ոլորտներում աշխատող մարդկանց եկամուտները աճել են, ինչպես նաև բարձրացել է պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը, բայց այս ամենը հեռանկարային չէ:

Ոչ մասնագետների համար Աշոտ Թավադյանը պատկերավոր համեմատություն արել՝ այս տնտեսական աճը նույնն է, ինչ մարդը ծանր հիվանդ լինի, գնա բժշկի, բժիշկը ջերմությունը չափի և տեսնելով, որ նորմայի սահմաններում 36,6 աստիճան է՝ հիվանդին ասի, որ ամեն ինչ նորմալ է, բայց միևնույն ժամանակ այդ մարդը կարող է ծանր հիվանդություն ունենալ, օրգանները միասնական չաշխատեն:

«36,6 ջերմաստիճանը շատ լավ է, 12,2% տնտեսական աճը նույնպես շատ լավ է, բայց երբ մենք դիտարկում ենք, թե ինչից է կախված այդ աճը և ուր է գնում, մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը լուրջ վտանգների առջև է կանգնած»,- ընդգծել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:

Նա բացատրել է՝ եթե իշխանությունը դրամն ամրացնում է, և պետական բյուջեն աճում է դոլարով, մեկ շնչի ՀՆԱ-ն էլ աճում է դոլարով, ռազմական ծախսերն են աճում, ապա դրանով հարված է հասցվում երկու կարևոր ուղղության՝ արտահամանը, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանմանը և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը: Այդ երկուսը տնտեսական անվտանգությունն են ապահովում:

«Այստեղ քո պետական շահը և կառավարության շահը իրար ուղղակի հակասում են», — այս համոզմունքն է հայտնել Թավադյանը: