ՀՀ ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ Կովկասյան տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը սահմանափակելու համար․ Արթուր Աթաև
09 Հունիսի 2025, 21:25
Ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանը խոչընդոտելու Հայաստանի իշխանությունների փորձերը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները դիմադրում են տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։
«Կարծում եմ՝ Կապանում գլխավոր հյուպատոսությունն այն հարց չէ, որն ուղղակիորեն ազդում է այսօրվա իրադարձությունների դասավորության վրա։ Այս համատեքստում խոսքն ավելի շատ Ռուսաստանի հնարավոր ազդեցության կամ դրա ընլայնման ու Ռուսաստանի դիրքերի ամրապնդման մասին է: Հակազդում են ոչ թե հյուպատոսություն բացելու, այլ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային դիրքերն ընդլայնելու և ուժեղացնելու փորձերի դեմ»,-ասել է Աթաևը:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության մի մասը կարծում է, որ Ռուսաստանին պետք է փորձել ճնշել բոլոր մակարդակներում։
«Համոզված եմ, որ ամենայն հավանականությամբ, դա ոչ թե ամբողջ քաղաքական ղեկավարության, այլ «իսթեբլիշմենթի», քաղաքական էլիտայի մի մասի կարծիքն է, քանի որ քաղաքական էլիտայի, քաղաքական ղեկավարության մի մասը գիտակցում է, որ Ռուսաստանի ազդեցությունը շատ ավելի մեծ ու էական է, և շատ ավելի դրական է, քան բացասական: Եվ ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, երբ Ուկրաինայի հարցն առանցքային է, Հայաստանի քաղաքական ղեկավարության մի մասը կարծում է, որ Ռուսաստանին պետք է փորձել ճնշել բոլոր մակարդակներում, իսկ մի մասը կարծում է՝ Ռուսաստանն ապացուցել է, որ ինքնուրույն, ամբողջական, լուրջ խաղացող է միջազգային ասպարեզում»,- եզրափակել է Աթաևը: