Հիշողություն, ողբերգություններ և պատմական ճշմարտություն. ԱՄՆ-ում լույս է տեսել հայ գրականությանը նվիրված հատուկ համար
27 Սեպտեմբերի 2026, 12:24
Նյու Յորքում 1966 թվականին հիմնադրված «Hanging Loose» հեղինակավոր անկախ գրական հանդեսի 119-րդ համարի հրավիրյալ խմբագիրն է դարձել ծագումով հայ բանաստեղծ և երաժիշտ Ալան Սեմերջյանը: Նա պատրաստել է «Ամենամութ միջանցքներով» հատուկ բաժինը՝ նվիրված ժամանակակից հայ պոեզիային:
Նախաբանում Սեմերջյանը նշել է, որ հայ գրականությունը հաճախ է բախվել պատմական ճշմարտությունը հաստատելու անհրաժեշտությանը՝ չնայած ռևիզիոնիստական (վերանայողական) մեկնաբանություններին: Ընտրանին ցույց է տալիս, թե ինչպես են անցյալի ողբերգությունները շարունակում ազդել ժամանակակից հեղինակների հիշողության և ստեղծագործության վրա:
Ամսագրի պատմության մեջ առաջին անգամ բոլոր բանաստեղծությունները հրատարակվել են անգլերենով՝ հայերեն զուգահեռ տեքստով: Բաժնում ընդգրկվել են 11 բանաստեղծների և թարգմանիչների գործեր, որոնց թվում են Տաթև Չախյանը, Սիլվա Կապուտիկյանը, Մարինե Պետրոսյանը, Կարեն Կարսլյանը և Սարա Կիրակոսյանը (Sara Giragosian):