Ալեքսանդր Գարսոև (Ալեքսանդր Գարսոյան). հայազգի ծովակալը | Ալֆա HISTORY
Ալեքսանդր Գարսոևը հայազգի ռուսական և խորհրդային բանակի ծովակալ է, ռազմածովային գործի գիտության պրոֆեսոր,Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ԽՍՀՄ ռազմածովային ուժերի շտաբի ստորջրյա գլխավոր մասնագետ: Նա Խորհրդային Միության առաջին սուզանավերի ստեղծողներից է, պրոֆեսոր և ռազմածովային ակադեմիայի ստորջրյա նավարկության ամբիոնի վարիչ։
Ալեքսանդր Գարսոյանը ծնվել է թիֆլիսահայերի ընտանիքում 1882 թ.: Ծառայության է անցել 22 տարեկանում։ Նա ավարտել է Ծովային կորպուսը և ստացել միչմանի կոչում։ 1915 թվականին ստացել է 2-րդ կարգի կապիտանի կոչում։ Ալեքսանդրը 30 տարեկանում արդեն սուզանավի հրամանատար էր և ուներ խիզախ նավաստու և նվիրյալ կապիտանի համբավ։ Աշխատել է որպես Սևծովյան նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Ազովի և Սև ծովերի ռազմածովային ուժերի ստեղծմանը։ 1924 թվականին Գարսոևի գլխավորած սուզանավերի մի խումբ նամակ ուղարկեց ԽՍՀՄ կառավարությանը՝ առաջարկելով սկսել նոր սուզանավերի ստեղծումը, քանի որ «առկա սուզանավերը հնացել են և անօգուտ կլինեն պատերազմի ժամանակ»։
Ալեքսանդր Նիկողոսովիչն անմիջականորեն կապված չէր իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ, բայց շատ լավ գիտեր նրա պատմությունը։ Իր հուշերի գրքում նա գրել է.
«Հարցնում են, թե ինչո՞ւ է ծովն այդքան գրավում հայերին․․․Ե՛վ կիլիկյան մեծ նավահանգիստները, և՛ Ջենովայի ու Ֆլորենցիայի հետ աշխույժ առևտուրը, և՛ Միջերկրական ծովի և Բիսկայական ջրատարածքի տարածությունները լքած հայկական նավերը, և՛ Հովհաննես Այվազովսկու կտավները, ինչպես նաև այն, որ դեռևս Ղրիմի պատերազմի ժամանակ կովկասյան-սևծովյան գիծը ղեկավարում էր Նովոռոսիյսկի հիմնադիր հայ կաթոլիկ Լազար Սերեբրյակովը` հիանալի կազմակերպիչ, դիվանագետ և ռազմական նավաստի»:
Alpha HISTORY-ը պատմական դիմանկարներից կազմված անիմացիոն շարք է, որտեղ հակիրճ և բովանդակալից պատմություններում ներկայացված են պատմության ընթացքը բեկած և ամբողջ աշխարհում ճանաչված հայտնի հայեր: