ՀԿԵ-ի վերաբերյալ որոշումը Փաշինյանի շրջապատի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասն է․ Վլադիմիր Կիրեև

08 Հոկտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման՝ Ռուսաստանին տրված կոնցեսիոն պայմանագրի հնարավոր դադարեցումը։

«Ռուսաստանի կողմից ի սկզբանե կայացված որոշումը միտված չէր շահույթ ստանալուն։ Դա ներդրում է եղել իր գործընկերոջ լոգիստիկայում՝ նրա տնտեսությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության կայունությունը պահպանելու, որպեսզի Ռուսաստանի գործընկերը հնարավորություն ունենա ինքնուրույն իրեն տնտեսապես ապահովել։ Դա Հայաստանի երկաթուղուց շահույթ ստանալու ձգտում չէր։

Հնարավոր է, որ դա Հայաստանի երկաթուղու զարգացման փորձ էր՝ նպատակ ունենալով երկարաժամկետ հեռանկարում զարգացնել տարածաշրջանի ավելի լայն տրանսպորտային ցանցը և Ռուսաստանը կապել այդ ցանցին», — նշել է փորձագետը։

Ըստ Կիրեևի՝ պաշտոնական Երևանի ներկայիս մոտեցման պատճառը Եվրոպայի հետ մերձեցման իր որդեգրած ուղեգիծն է։

«Սա, բնականաբար, պարզապես մեկ առանձին դեպք չէ։ Դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երկարաժամկետ էվոլյուցիայի արդյունքն է։ Որոշումը կայացվում է Հայաստանի՝ դեպի արևմտյան կառույցներ՝ ՆԱՏՕ և ԵՄ, ինտեգրմանն ուղղված ռազմավարական վերակողմնորոշման և Ռուսաստանի առաջարկած ինտեգրացիոն նախագծերից հրաժարվելու հիման վրա։ Այսինքն՝ ընդհանրապես հետխորհրդային տարածքում հետխորհրդային երկրների հետ ինտեգրացիոն նախագծերից հրաժարում է տեղի ունենում։

Ուստի այս որոշումը պատահական չէ, այն երկար ժամանակ նախապատրաստվել է և Փաշինյանի շրջապատի ընդհանուր աշխարհայացքային պատկերացման մի մասն է։ Նախապես ենթադրվում էր, որ այն Ռուսաստանի կողմից դժգոհության և մերժման կարժանանա, ինչպես նաև կհանգեցնի որոշակի քաղաքական քայլերի», — ընդգծել է քաղաքագետը։

Alpha News-ի զրուցակիցը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից կարող է պատասխան քայլ իրականացվել՝ ՀԿԵ-ի հարցում Հայաստանի ոչ բարեկամական քայլի հետևանքով Ռուսաստանի կրած վնասները փոխհատուցելու նպատակով։

«Ռուսաստանը կգործի պատժամիջոցների և միջազգային կազմակերպությունների միջոցով ճնշում գործադրելու ճանապարհով, հայցեր կներկայացնի միջազգային դատարաններ, պատժամիջոցներ կկիրառի հայկական ձեռնարկությունների նկատմամբ։ Ռուսաստանը ոչ միայն կհրաժարվի երկկողմ առևտրից, այլև կազդի իր գործընկերների վրա՝ պահանջելով դադարեցնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և կալանքի տակ առնել Հայաստանի գույքը՝ Ռուսաստանին պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով», — ընդգծել է Վլադիմիր Կիրեևը։

Հիմա եթերում