Հոգիս Արցախում է, մարմինս՝ Հայաստանում. նկարչուհի Լիանա Քոչարյանի ծանր ապրումները
25 Հոկտեմբերի 2023, 22:00
«Հոգիս Արցախում է, մարմինս՝ Հայաստանում, ինձ թվում է՝ հարցազրույցից հետո վեր եմ կենալու ու այնտեղ գնամ, որովհետեւ տունը ես Արցախում եմ պատկերացնում»,- Alpha News-ի հետ զրույցում կիսվում է Արցախի նկարիչների միության անդամ, բռնի տեղահանված Լիանա Քոչարյանը։
Վաստակաշատ նկարչուհին մեզ հետ զրույցում պատմում է Արցախից բռնագաղթելու ծանր ապրումների, Ստեփանակերտում թողած եւ այնտեղից դուրս բերած նկարչական ժառանգության եւ Հայաստանում գործունեության վերսկսման մասին։
Տիկին Լիանան Արցախի «Քոչարյան կերպարվեստի ստուդիայի» հիմնադիրն է։ Տարիներ շարունակ Արցախում նկարչական բուռն գործունեություն ծավալալելուց հետո այսօր նա հիացմունքով է հիշում եռանդուն աշխատանքն ու միեւնույն ժամանակ ափսոսանք հայտնում արցախցիներին բաժին հասած դաժան ճակատագի համար։
Լիանա Քոչարյանը չի համակերպվում բնօրրանը կորցնելու հետ, բայց ասում է՝ ելք չկար, թշնամին մոտ էր, իսկ նրանց հետ ապրելը՝ անհամատեղելի։
«Երբ պայթյունները եղան՝ վազեցի տղայիս տուն, որտեղ նորածին թոռնիկս է, տեսա, որ իրենք արդեն նկուղում են։ Էդ գիշեր էնտեղ մնացինք, մոտիկից լսվում էր ինքնաձիգերի ձայները, արդեն սկսել էին լուրեր շրջանառվել, որ Արցախից պետք է դուրս գանք։ Հաջորդ օրն արդեն հայտարարվեց հրադադարի եւ Արցախի զինաթափման մասին։ Բայց մարտեր էին գնում քաղաքի շրջակայքում։ Այդ օրն արդեն Արցախի մյուս շրջաններից մեր հայրենակիցները լցվել էին Ստեփանակերտ։ Բոլորս մի ընտանիքի պես էինք։ Նկուղում մնացինք երկու օր, հետո դուրս էինք գալիս, որ ճաշ եփենք, բակերում էինք անում, տանը ջեռուցում չկար, փայտե վառարանի վրա հաց էինք թխում, ով ինչ ուներ մյուսների հետ կիսվում էր։ Բոլորս միասին էինք այդ արհավիրքի ժամանակ, բայց բոլորս էլ միասին վեր կացանք ու դուրս եկանք, որովհետեւ թուրքն արդեն մտնում էր քաղաք, մնա՞յինք, որ մեզ մորթեին, մեր աչքի առաջ մեր երեխաներին վնասեի՞ն»,- պատմում է Լիանա Քոչարյանը։
Նա հիշում է՝ մինչեւ Արցախը հարկադրված լքելու մասին լուրը՝ հայտարարվել էր, որ անվտանգությունից ելնելով մարդիկ պետք է ռուս խաղաղապահների տեղակայման վայր գնան, ինչին ինքը դեմ էր։
«Վախեցա, 1915 թ․ Մեծ եղեռնի պատմությունը գլխիս մեջ սեպի նման խրված է, իսկ հիմա ինչ գիտես՝ ճանապարհին ինչ կլինի։ Մենք չգնացինք։ Դրանից հետո բենզինի պահեստի պայթյունը եղավ, եթե շատերը պանիկայի չտրվեին ու էդպիսի բաների հետեւից չգնային՝ շատերը հիմա ողջ կլինեին»,- ասում է տիկին Լիանան։
Թշնամու հետ ինտեգրվելն ու նրանց վերահսկողությամբ ապրելը բացառում, անարժանապատիվ է համարում Լիանա Քոչարյանը։ Դրանով պայմանավորված էլ նկարչուհու ընտանիքը Ստեփանակերտից հարկադրված դուրս է եկել սեպտեմբերի 24-ին։ Նա քաղաքից, իր տնից, ստուդիայից վերջին պահին կադրեր չի արել, հրաժեշտ տալ չէր ուզում, զգացում ուներ, որ վերադառնալու է։
«Կողը հաստ ղարաբաղցու նման չէի ուզում հավատալ էս ամեն ինչին, մտածում էի՝ գնում եմ, բայց ոչինչ հետ եմ գալու»,- ասում է նա։
Ամենադաժանն արցախցու համար ադրբեջանական անցակետերը հատելն էր:
«Ես այդ ճանապարհները միշտ տեսել էի առանց թուրքի, դաժան էր տեսնել, որ նրանք զինված մեզ են նայում։ Այդ ճանապարհներն իմ հիշողության մեջ այլ կերպ են տպավորված, այն ժամանակ օրինակ՝ կանգ էինք առնում, հանգստանում, սուրճ խմում, նկարվում, իսկ հիմա նրանց զենքերի տակով ենք անցնում։ Ժամերով կանգնեցնում, ստուգում էին, տառապում էինք, սոված-ծարավ, հիվանդ, ոչ մի բան հաշվի չէին առնում, անմարդկային վիճակ էր»,- հիշում է Լիանա Քոչարյանը։
Նկարչուհու ընտանիքը Երեւանում բնակվում է իր ավագ դստեր ու նրա ընտանիքի հետ։ Այստեղ նրան դստեր ամուսինն առաջարկել է տարածք վարձակալել եւ շարունակել նկարչության դասավանդումը։
«Հենց էդ պահին զգացի Աստծո զորությունը։ Հիմա նոր ստուդիայում նստած եմ, ով կպատկերացներ։ Ես տեպի անդունդ էի գնում, բայց Աստված բերեց ինձ էստեղ նստեցրեց, ուժ տվեց, ու խնդրեմ հիմա հարցազրույց եմ տալիս։ Ես նորից եմ վերածնվել, ճիշտ է՝ էն չի, բայց հոգիս ապրեցնելու հնարավորություն կա»,- ասում է Լիանա Քոչարյանը։
Երեւանի Աղբյուր Սերոբ 7 հասցեում է գտնվում նկարչուհու նոր ստուդիան։ «Քոչարյան կերպարվեստի ստուդիան» կգործի նոյեմբերի 1-ից: Արցախցի աշակերտներն անհամբերությամբ են սպասում նկարչական դասերի վերսկսմանը, նրանցից շատերն արդեն ցանկություն են հայտնել շարունակել ուսումը, քանի որ ընդունելության քննություններին են պատրաստվում։
«Ես սա չեմ նախաձեռնել որպես բիզնես, սա հոգիս սնուցելու, ինձ սպասող սաներիս համար եմ արել։ Պետք է գործենք, որ ապագա ստեղծենք, հետ գնալու ճանապարհ փնտրենք, դատարկ ձեռքով չենք կարող հետ գնալ»,- հավելում է նկարչուհի Լիանա Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: