Բուլինգից մինչև բռնություն․ Արմեն Ագարակյանը՝ ԱՄՆ-ում ընտանիքների իրավական խնդիրների մասին

Միացյալ Նահանգներում բնակվող բազմաթիվ հայրենակիցներ հաճախ բախվում են իրավական խնդիրների, սակայն միշտ չէ, որ տեղյակ են իրենց իրավունքներին և դրանց լուծման իրավական մեխանիզմներին: «Alpha News»-ի տաղավարում փաստաբան Արմեն Ագարակյանն անդրադարձել է ամերիկյան դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերին, բուլինգի դեմ պայքարին, ինչպես նաև համայնքի համար կարևոր այլ իրավական հարցերի։

Փաստաբանի պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ծնողները դիմում են իրավաբանական օգնության՝ դպրոցներում երեխաների անվտանգության կամ ուսուցիչների անթույլատրելի վարքագծի հետ կապված խնդիրների պատճառով։

Խոսելով վերջերս իրենց գրասենյակի վարած աղմկահարույց գործերից մեկի մասին, որը վերաբերում էր աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ գործադրված բռնությանը, Արմեն Ագարակյանը նշել է, որ ունեցել են դատական գործեր թե՛ հանրային, թե՛ անկախ (charter) դպրոցների դեմ, որտեղ տնօրեններն ու ուսուցիչները երեխաների նկատմամբ դրսևորել են անթույլատրելի և դաժան վերաբերմունք։

«Եղել են դեպքեր, երբ ամիսներ ու տարիներ շարունակ աուտիզմով տառապող փոքրիկների ականջներն են քաշել, հարվածել են նրանց գլխին և բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Դատարանը դպրոցին մեղավոր է ճանաչել։ Խոսքը փոքր գումարների մասին չէ. նման գործերով փոխհատուցումները հասնում են միլիոնավոր դոլարների»,- նշել է Արմեն Ագարակյանը։

Փաստաբանը նաև հավելել է, որ իրենց պրակտիկայում եղել են ավագ դպրոցներին վերաբերող գործեր, որոնք առնչվել են մարզիչների կողմից 15-20 աշակերտուհիների նկատմամբ թույլ տրված անպատշաճ ֆիզիկական հպումներին և ոտնձգություններին:

Նա ընդգծել է, որ հաճախ երեխաները թաքցնում են նման դեպքերը, քանի որ մեղավորության զգացում են ունենում կամ պարզապես չեն ցանկանում ցավ պատճառել իրենց ծնողներին: