Հունգարացի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը

19 Մայիսի 2023, 21:00

Հայեր

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ  մասնակցել է Հունգարիայում կայացած միջազգային թատերական 10-րդ օլիմպիադային:

Ամփոփելով արդյունքները՝ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում բեմադրիչ Արթուր Սարիբեկյանը նշեց, որ ներկայացումը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հունգարիայի հանդիսատեսի կողմից:

«Ինձ համար կարևորը ներկայացման ասելիքը, դերասանական խաղն օտար հանդիսատեսին հասկանալի մատուցելն էր: Մենք դա կարողացանք անել և դա ակնհայտ էր ծափողջույններից, հանդիսատեսի վերաբերմունքից:

Իրականում շատ բարդ է խաղալ օտար հանդիսատեսի համար, այն դեպքում, երբ չեն հասկանում հայերեն: Ճիշտ է, զուգահեռ էկրանների վրա ենթագրերով ներկայացվում էր, բայց միևնույնն է, դժվար էր:

Ամեն դեպքում նորին մեծություն թատրոնն ունի հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ գործողություն, վերաբերմունք, որոնց միջոցով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը»,-ասաց Արթուր Սարիբեկյանն՝ ավելացնելով, որ ասելիքը, չնայած բոլոր դժվարություններին, ապրելու մասին է: Ապրել, շարունակել կյանքը՝ ինչ էլ լինի: 

Դերասան Մարիամ Ղազանչյանը տպավորված է հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: Նա ուրախությամբ ընդգծեց, որ վերջին տարիներին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը շատ ակտիվ մասնակցում է միջազգային միջոցառումներին, փառատոններին, ինչը մեծ ձեռքբերում է:

«Ներկայացումից հետո հանդիսատեսը մոտենում էր իր բարձր գնահատականն ու ջերմ խոսքերն էր փոխանցում: Մի կին էլ մոտեցավ ու ասաց՝ ձեր ներկայացումից հետո հասկացա, որ մտածելու բան ունեմ: Չեմ կարծում, որ դրանից ավելի մեծ գնահատական կարող էր լինել:

Ծափողջույնների մասին էլ չխոսեմ: Իսկապես, ոգևորող էր այդ ամենը»,- ասաց Մարիամ Ղազանչյանը:

Դերասան Ավո Խալաթյանը, կարևորելով նման  թատերական միջոցառմանը մասնակցելը, նշեց, որ այն մեծ փորձ ու համագործակցության լավ հնարավորություն է տալիս:

«Այդ կապն օտարերկրացի հանդիսատեսի, դերասանների հետ, օտար թատրոնում լինելն, իսկապես մեծ փորձ էր: Բավական տպավորված էինք հանդիսատեսի վերաբերմունքից: Երբ վառվում էին դահլիճի լույսերը, երևում էին հուզված հունգարացիներ:

Մեծ ոգևորություն ապրեցինք ու հասկացանք, որ  մեր խոսքը, ապրածն ու վերապրածը կարողացանք փոխանցել հանդիսատեսին»,-ասաց Ավո Խալաթյանը:

Հայ դերասանների խաղն ու ցուցադրված ներկայացումը հայտնվել էր նաև տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս միջոցառմանը:

Նրա խոսքով՝ միջազգային թատերական օլիմպիադան կամուրջ է ստեղծում աշխարհի տարբեր երկրների թատրոնների, թատերախմբերի միջև:

«Համագործակցության որոշակի գաղափարներ ծնվեցին: Մասնավորապես, այլ ֆորմատով կլինեն փոխադարձ այցելություններ, համատեղ բեմադրություններ:

Կարապետ Բալյանն արդեն սկսել է հունգարական թատրոնում բեմադրություն իրականացնել: Քննարկում էինք այնտեղից Հայաստան ռեժիսոր հրավիրելու հնարավորությունը»,-ասաց Կարո Շահբազյանը:

Միջազգային թատերական  օլիմպիադան թատերական աշխարհում կարևոր ու սպասված իրադարձություն է: Հիմնադրվել է 1995 թվականին:

Այն ամեն անգամ հյուրընկալվում է տարբեր երկրներում: Մինչ Հունգարիան, թատերական միջազգային օլիմպիադան հյուրընկալել է Հունաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը և այլ երկրներ:

Թատերական այս մեծ իրադարձության մեկնարկը տրվել է ապրիլի 1-ին և տևելու է մինչև հուլիսի 1-ը: Երեք ամիս տևողությամբ միջոցառմանը մասնակցում են 7500 արվեստագետներ 50-ից ավելի երկրներից և ընդհանուր առմամբ, նախատեսված է մի քանի հարյուր կատարում ամբողջ Հունգարիայում: