Հունիսի 7-ի ընդդիմության հաղթանակը կարևոր է Հայաստանի անվտանգության համար. Մուրադ Փափազյան

16 Ապրիլի 2026, 13:20

Քաղաքականություն

«Հայկական սփյուռքը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, իսկ հայ ազգի ներուժը ձևավորվում է Հայաստանի և Սփյուռքի միասնական ուժերից»,- Alpha News-ին հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ խոսելով օրեր Փարիզում անցկացված «Հայկական սփյուռքի մոբիլիզացում» խորագրով համաժողովի նպատակների մասին։

Նրա խոսքով՝ Սփյուռքը, ներկայացված լինելով 30 երկրում, իր հաստատված կառույցների, կապերի, բազմամյա գործունեության և ձևավորված հեղինակության շնորհիվ կարևոր օղակ է Հայաստանի համար։

«Երբ անցյալում մեզ հաջողվում էր հաստատել դրական համագործակցություն Սփյուռքի և Հայաստանի միջև, մենք հաղթում էինք։ Միասին կարողացանք հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը մոտ 15 երկրում՝ 1998-ից 2008 թվականներին։ Սակայն հենց խնդիրներ առաջացան Հայաստանի և Սփյուռքի միջև, հատկապես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նա ցանկացավ ստեղծել իրեն ենթակա «սեփական սփյուռք»։

Այսօր համագործակցություն այլևս չկա։ Ընդհակառակը՝ Սփյուռքի և Հայաստանի գործող իշխանությունների միջև ձևավորվել է հակադրություն, ինչը նշանակում է փոխգործակցության բացակայություն։ Իսկ առանց համագործակցության չկա նաև առաջընթաց․ այլևս չկան համատեղ հաղթանակներ»,-նշել է Փափազյանը։

Նրա խոսքով՝ հայ ազգը հաղթում է միայն միասնական լինելու դեպքում:

«Ահա թե ինչու այսօր մենք խորը տարաձայնություններ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, Բաքվում պահվող պատանդների հարցում, որոնց վերաբերյալ նա որևէ քայլ չի ձեռնարկել և ոչինչ չի արել միջազգային հարթակում։ Մինչդեռ տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելի կառավարությունն աշխատում պատանդների ազատման ուղղությամբ՝ դա դարձնելով առաջնահերթություն։ Փաշինյանն իրեն պահում է այնպես, կարծես այդ պատանդները գոյություն չունեն։ Արցախի թեման ևս նա համարում է փակված, բայց մենք չենք կարծում, որ այդ էջը փակված է։ Արցախի հարցը հայ ժողովրդի համար առաջնային նշանակություն ունի։ Եւ Սփյուռքը կտրականապես համաձայն չէ և ընդդիմանում է նրա քաղաքականությանը։

Այսօր հայկական իշխանության, կառավարության և Սփյուռքի միջև կառուցողական համագործակցությունը բացակայում է։ Սփյուռքը շարունակում է պայքարել իր արժեքների համար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության, հայերի վերադարձի, Արցախ վերադառնալու իրավունքի և պատանդների ազատման համար»,- ընդգծել է Մուրադ Փափազյանը։

Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի պաշտպանում Հայաստանի շահերը։

«Փոխարենը իշխանությունը խոնարհվել է Ալիևի և Էրդողանի առաջ՝ գնալով զիջումների և չհասցնելով հարցերը լուծել մինչև վերջ։

Հետևաբար, անհրաժեշտ է վերջ տալ այս իրավիճակին։ Միակ ճանապարհը կլինի այն, եթե հունիսի 7-ին նա պարտվի ընտրություններում։ Մենք պետք է զգոն լինենք, քանի որ իր նախընտրական խոսքում Փաշինյանն ասում է՝ եթե չհաղթի, Հայաստանում պատերազմ կսկսվի։ Իրականում, երբ նա հաղթեց 2018 թվականի ընտրություններում, մենք ունեցանք երեք պատերազմ։ 1994-ից մինչև 2018 թվականը պատերազմներ չեն եղել։ Նա եկավ, և մենք ունեցանք երեք պատերազմ։

Փաստորեն հենց նա է հրահրում պատերազմը։ Ինչո՞ւ է դա անում, որովհետև նա լիովին պարտված է։ Թշնամիները լավ գիտեն, որ Փաշինյանի իշխանությունից որևէ դիմադրություն չի լինելու։

Ակնհայտ է նաև, որ այսօր պատերազմ չի լինելու, քանի որ նա պատրաստ է հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, Սփյուռքից, ամեն ինչից։ Ի դեպք, նաև հայտարարել է, որ հետ ենք կանչում մեր հայցերը միջազգային դատարաններից։ Այդ պատճառով Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, որը կվերականգնի երկիրը»,- ասել է Փափազյանը։

Ըստ Alpha News-ի զրուցակցի` այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինյանի մեջ գտել են հնազանդ առաջնորդի։

«Նա ենթարկվում է Ալիևին, ենթարկվում է Էրդողանին։ Այն միտքը, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչպես հայտարարել է Ալեն Սիմոնյանը, պարզապես անհեթեթ է։ Դա բխում է նրանից, որ Հայաստանի վարչապետը ենթարկվում է Ալիևին և Էրդողանին։ Այդ պատճառով էլ նա ասում է, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝ կարծես Ադրբեջանն է այսօր Հայաստանի առաջնորդը»,- ընդգծել է Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ Փարիզում կազմակերպված հանդիպումը, որին մասնակցել են 25 երկրից 150 ներկայացուցիչներ, չափազանց կարևոր է, քանի որ այն նպատակ ունի համակարգել Սփյուռքի գործունեությունն ու նրա ապագա զարգացումը։

«Հանդիպման մասնակիցները չեն պատկերացնում Սփյուռք՝ Հայաստանից կտրված, ինչպես նաև Հայաստան՝ Սփյուռքից անջատ։ Դա պարզապես անիմաստ է։ Ուստի մենք պետք է պայմաններ ստեղծենք հայկական աշխարհի՝ Սփյուռքի, Հայաստանի և Արցախի վերամիավորման և նրանց համատեղ առաջընթացի համար։

Սակայն դրա համար կա մեկ պայման՝ հունիսի 7-ին ընդդիմության հաղթանակը։ Սա կարևոր է երկրի անվտանգության համար։ Սա կարևոր է նաև նրա համար, որպեսզի ազգի գաղափարը, որը մեր ուժի հիմքն է, իրականում ձևավորվի»,- հայտարարել է Մուրադ Փափազյանը։