Հունիսի 7-ի ընտրությունները ազատ և հավասար չեն եղել․ Արամ Վարդևանյան

25 Հունիսի 2026, 14:20

Քաղաքականություն

Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այս պնդումները հիմնավորելու համար ելակետ ենք ընդունում 2026 թ-ի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածը, այնուհետև հունիսի 7-14 ընկած ժամանակահատվածը:

«Առաջին ցայտուն խախատումը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունը և գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են։ Ստեղծված իրավիճակի տեսանկյունից առաջին փաստական տվյալը, որ կցանկանայի վկայակոչել, կենսաթոշակների բարձրացումն էր։

Ակնհայտ է, որ Հայաստանում սոցիալական բնույթի խնդիրներ առկա են, ակնհայտ է, որ 10․000 դրամով կենսաթոշակի բարձրացումը ավելի քան սպասելի բարեփոխում էր, բայց այն տեղի է ունենում ոչ թե 2022 թ-ին, 2023թ-ին, այլ 2026թ-ի մարտ ապրիլ ամիսներին»,- նշել է Վարդևանյանը։