Հույս ունեմ՝ իրավական երկրում ենք, և ՀԷՑ-ի աշխատակիցների կյանքում որևէ բան չի փոխվի. Սարջանյան

03 Հուլիսի 2025, 18:20

Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարջանյանի հետ:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկ է, որը ապահովում է մեր բնակիչների, ազգաբնակչության, հանրային բաժանորդների էլեկտրամատակարարումը: Այսինքն՝ մեր անխափան գործունեությունից կախված է նաև բնակչության կենսամակարդակը: Այնպես որ մեզ մոտ այս առումով որևէ բան չի փոխվելու, ինչպես կատարում էինք մեր պարտավորությունները, որոնք սահմանված են մեր ընկերությանը տրված լիցենզիայով, այնպես էլ շարունակելու ենք այդ աշխատանքը կատարել»,- նշել է Սարջանյանը:

Խոսելով վաղը սպասվող երթի մասին` ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի, նա նշել է.

«Ես որքան գիտեմ՝ մենք իրավական երկրում ենք ապրում, որը հավակնում է նաև դեմոկրատիա ունենալ: Կարծում եմ՝ աշխատանքից հետո յուրաքանչյուր աշխատակից իրավունք ունի մասնակցելու միջոցառումների՝ լինի դա հավաք, երթ, թե այլ բան, և չեմ կարծում, որ որևէ աշխատակցին ինչ-որ բան ստիպելը կամ համոզելը տեղին է այս պարագայում»:

Հիմա եթերում