Հույս ունենք՝ բանաձևին նոր սենատորներ կմիանան․ Եղիսաբեթ Չուլջյան

13 Փետրվարի 2024, 23:00

Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակաբար Արցախի ժողովրդին ենթարկել է ցեղասպանության, և այսօր էլ շարունակում է ճնշել Հայաստանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

«ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև։ Ներկայումս բանաձևին միացել է 9 սենատոր, հավատում ենք, որ հաջորդ օրերին այդ թիվը կավելանա։ Այս բանաձևը հիմքում Ամերիկայի արտաքին օժանդակության օրենքն է, որը հստակեցնում է, թե ինչ հիմքերով պետք է ԱՄՆ կառավարությունն արտաքին օժանդակություն տրամադրի։ Այդ օրենքի 502B(c) բաժինը նշում է, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օժանդակություն ուղարկի այնպիսի երկրի, որը շարունակապես խախտում և ոտնահարում է մարդու իրավունքները։ Ադրբեջանի կառավարությունը հենց այդ քաղաքականությամբ առաջնորդվող կառավարություն է։ Ադրբեջանը շարունակաբար Արցախի ժողովրդին ենթարկել է ցեղասպանության, և այսօր էլ շարունակում է ճնշել Հայաստանին։

Սենատորներն այս բանաձևի միջոցով պահանջում են, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարարությունը 30 օրվա մեջ ներկայացնի տեղեկագիր ընդհանուր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման գծով, և այն իր մեջ ընդգրկի արցախցիների ցեղասպանությունը։ Եթե նշված ժամանակահատվածում չներկայացվի տեղեկագիրը, ԱՄՆ-ն պետք է կանխի յուրաքանչյուր ռազմական օժանդակություն դեպի Ադրբեջան, մինչև տեղեկագիրը ներկայացվի։ Այդ տեղեկագրի հիման վրա պետք է ներկայացվի մեկ այլ բանաձև, որտեղ կնշվի՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ընդհանրապես արգելի դեպի Ադրբեջան ռազմական աջակցությունը»,- նշեց Չուլջյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և այսօր էլ հայ ժողովրդին ճնշելու Ադրբեջանի քայլերը Բայդենը չի դատապարտել մեկ պատճառով, և դա վախկոտությունն է։

«Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ում հատուկ աշխատանք է տանում, որ զորակցողների թիվը ավելանա և այս բանաձևը Սենատում քննարկվի։ Բաքվում ԱՄՆ-ի դեսպատատունը ընտրություններից անմիջապես հետո հայտարարություն տարածեց՝ ասելով, որ կիսում են դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները, որ ընտրությունները տեղի են ունեցել իրական մրցակցության բացակայությամբ։ Բայց սա բավարար չէ, նախագահ Բայդենը, տեսնելով, որ արցախցիների նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել, տեսնելով, որ Ադրբեջանը իր բանակին չի հանում հայկական տարածքից, և Ալիևը շարունակում է իր ագրեսիան Հայաստանի դեմ, որևէ դատապարտող կոչ չի արել։ Թեև դեսպանատունը հայտարարություն տարածեց, բայց մեկ է, դա բավարար չէ։ Բայդենի լռությունը զուտ վախկոտություն է և վերջ»,- եզրափակեց Չուլջյանը։edited 21:49

Հիմա եթերում