«Հույսը տնից հեռու» լուսանկարչական ցուցահանդես՝ Արգենտինայում

04 Հուլիսի 2024, 17:40

Մշակույթ

Հունիսի 27-ին Փախստականների համաշխարհային օրը, UNHCR -ի և Corporación América-ի համատեղ նախաձեռնությամբ Կարասկո միջազգային օդանավակայանում, Ուրուգվայի Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսի Խորխե Նյուբերիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Արցախի հայ բնակչության մասին՝ «Հույսը տնից հեռու» լուսանկարչական ցուցահանդեսը։

Արգենտինայում կայացած շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, UNHCR -ի բարի կամքի դեսպան Օսվալդո Լապորտը և UNHCR -ի Հարավային Լատինական Ամերիկայի տարածաշրջանային ներկայացուցիչ Կարմեն Սախրը:

«Corporación América Airports-ի միջև այս համատեղ գործողությունը օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է մասնավոր հատվածը կարևոր դեր խաղալ իրազեկման և համերաշխության խթանման գործում նրանց համար, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն»,- ասել է Կարմեն Սախրը:

Aeropuertos Argentina 2000-ի նախագահ Մարտին Էռնեկյանը խոսել է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Արցախի հայ բնակչության վիճակի մասին և հայտարարել, որ այս պատկերները ոչ միայն արվեստի գործեր են, որոնք ֆիքսում են առօրյա կյանքի պահերը, այլև լուռ վկաներ են մարդկանց քաջության, արժանապատվության։

«Մենք խորապես նվիրված ենք փախստականների և տեղահանվածների գործին, և այդ իսկ պատճառով մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը UNHCR -ին և բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ձգտում են բարելավել նրանց կյանքը: Սա մարդկության օազիս է անտարբերության անապատում»,- ասել է Էռնեկյանը: