Հովսեփ Օրբելի. Էրմիտաժի նշանավոր տնօրենը

20 Մարտի 2024, 19:36

Հայեր

Հովսեփ Աբգարի Օրբելին հայ արևելագետ է, հնագետ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-1947), Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ(1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ(1945)։

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու և Վառվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր որդին։ 1904 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, որտեղ նրան դասավանդել են Ս. Ժեբելյևը, Մ. Ռոստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։

Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։

1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։

1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։

1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավանդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։

Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։

1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա։

Հովսեփ Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս., 1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։ Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։