Հրաժարվելով «ցեղասպանություն» հասկացությունից՝ Փաշինյանը նվեր է անում Էրդողանին․ Վլադիմիր Լեպյոխին
24 Ապրիլի 2024, 22:00
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է պատմական հիշողության խնդրին և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությանը։
Փորձագետի կարծիքով՝ այսօր շատ կարևոր և արդիական է խոսել Ցեղասպանության մասին։
«Պատմությունը միշտ պետք է հիշել, որովհետև ցանկացած պատմություն դաս է, առավել ևս, եթե պատմությունը տրավմա է առաջացնում, և այդ տրավմաները համակարգային են։ Այսօր շատ կարևոր և արդիական է խոսել Ցեղասպանության մասին, քանի որ անցյալ տարի փաստացի տեղի ունեցավ հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն՝ նկատի ունենալով Արցախը: Արցախի բոլոր բնակիչները ստիպված են եղել հեռանալ իրենց հայրենի տարածքից։ Արդյոք դա ցեղասպանություն չէ՞:
Ինչո՞ւ Ցեղասպանություն բառը փոխարինել այնպիսի նեղ հասկացությամբ, ինչպիսին 1915-ի կոտորածն է։ Դա նշանակում է, որ նույն Թուրքիայի որոշ այլ գործողություններ չեն ընկնում ցեղասպանության սահմանման տակ։ Ցեղասպանության մասին հիշողությունը պետք է պահպանել և, ավելին, հասկանալ, թե ինչպես է այն հնչում ներկայում և ինչպես կարող է ռեզոնանս ունենալ ապագայում»,- ասել է Լեպյոխինը։
Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիան պետք է լիարժեք ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում պատասխանատվություն կրել Արցախի հետ տեղի ունեցածի համար, դրա համար էլ նա թողնում է այդ թեման։ Փաշինյանը չի ուզում խոսել Ցեղասպանության մասին, որովհետև հենց խոսում ենք Ցեղասպանության մասին, միանգամից հիշում ենք նաև Արցախի բնակիչներին։ Իսկ վաղը կարող է այնպես ստացվել, որ բոլոր հայերը ստիպված լինեն հեռանալ իրենց հայրենի տարածքից։
Հետո էլ կասեն՝ կոտորած չի եղել։ Ջարդ կարող է և չլինել, հիմա այլ մեթոդներ են, մարդկանց ամենատարբեր ձևերով նվաստացնում են և ստիպում զիջումների գնալ։ Այսօր՝ 21-րդ դարում, կարելի է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում մարդկանց համար պարզապես անտանելի կդառնա հայրենի տարածքում ապրելը։
Ուստի անհրաժեշտ է պահպանել «Ցեղասպանություն» հասկացությունը։ Թուրքիան դրա համար պետք է լիարժեք ներողություն խնդրի։ Ավելին, վաղ թե ուշ հարց է ծագելու Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի համար Ադրբեջանը նույնպես պետք է ներողություն խնդրի։ Ադրբեջանը, որը շատ բան էր խոստանում Արցախի բնակիչներին, իսկ արդյունքում նրանք ստիպված էին հեռանալ այնտեղից։ Հրաժարվելով «ցեղասպանություն» հասկացությունից՝ Փաշինյանը նվեր է անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, — եզրափակել է Լեպեխինը։