Հրապարակված թվերը չեն արտացոլում իրական պատկերը. «Ուժեղ Հայաստան» դաշինք
08 Հունիսի 2026, 18:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրապարակված տվյալները չեն կարող ներկայացնել իրական և ամբողջական պատկերը՝ առանց համակողմանի վերլուծության և իրավաքաղաքական գնահատականի։ Դաշինքի շտաբից տեղեկացրել են, որ ներկայում իրականացվում է իրավիճակի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կներկայացվեն պաշտոնական դիրքորոշումն ու հետագա գործողությունների ծրագիրը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղաղրամանյանի խոսքով՝ նախընտրական գործընթացն ուղեկցվել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև քաղաքական ուժի ներկայացուցիչների և աջակիցների նկատմամբ նպատակային ճնշումներով։ Նշվում է նաև, որ քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։ Հունիսի 7-ի ընթացքում երկրի տարբեր շրջաններից ստացվել են ընտրական խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։
Բացի այդ, հայտարարության մեջ առանձնապես ընդգծվում է, որ մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների ամբողջական ամփոփումն ու մշակումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչը, դաշինքի գնահատմամբ, ուղիղ ազդակ է եղել ընտրական հանձնաժողովների համար։