Հրայր Հովհաննիսյանը՝ Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի U-23 առաջնության չեմպիոն
28 Հունիսի 2026, 17:20
Հունիսի 26-28-ը Օմսկում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունում հիանալի արդյունքներ են գրանցել հայազգի մարզիկները:
Նովոսիբիրսկի մարզը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանը հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 67 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով Մոսկվան ներկայացնող Ռուսլան Օրտանովին։
Բացի չեմպիոնից, առաջնության մրցանակակիրներ են դարձել ևս մի քանի հայ ըմբիշներ։ Մինչև 72 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Մոսկվայի մարզի ներկայացուցիչ Արկադի Բալաբեկյանը, իսկ մինչև 77 կգ քաշային կարգում երկրորդ տեղն է զբաղեցրել Նովոսիբիրսկի մարզից Նարեկ Հովհաննիսյանը։
Մրցաշարի բրոնզե մեդալներին արժանացել են Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Արկադի Արիկյանը՝ մինչև 55 կգ քաշային կարգում, Ռոստովի մարզից Տարոն Վարդանյանը՝ մինչև 60 կգ քաշային կարգում, և Կրասնոյարսկի երկրամասից Աղասի Մանուկյանը՝ մինչև 82 կգ քաշային կարգում: