ՀՌՀ-ն մտահոգված է Հանրայինի «Մեծ բանավեճի» եթերում ցուցադրված բռնությամբ
17 Նոյեմբերի 2026, 11:20
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նոյեմբերի 15-ի եթերի կապակցությամբ, որի ընթացքում ցուցադրվել են սեռական բնույթի արտահայտություններ և ֆիզիկական բռնություն։
Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հաղորդման ողջ ընթացքը հեռարձակվել է առանց խմբագրումների։
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հանրային գործառույթ իրականացնող և մեդիայի ոլորտում օրինակելի դեր ունեցող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ եթերում բռնության օրինականացումից։
Հանձնաժողովն ընդգծել է, որ իրավական կարգավորումներից բացի գոյություն ունեն նաև էթիկական և մասնագիտական չափանիշներ, որոնք հեռարձակողները պարտավոր են պահպանել, նույնիսկ երբ լուսաբանում են բռնության տեսարաններ պարունակող իրադարձություններ։
ՀՌՀ-ն նաև նշել է, որ բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու և քննարկումը կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական մեթոդներ կան։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։
Հանձնաժողովը հիշեցրել է, որ հեռարձակողների նկատմամբ միշտ խիստ մոտեցում է ցուցաբերել բռնության, ատելության խոսքի և վիրավորանքների տարածման հարցում՝ կարևորելով տեսալսողական մեդիայի դերը հանրային համերաշխության պահպանման գործում։