ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը դատապարտում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարի ոչնչացումը

23 Ապրիլի 2026, 13:40

Քաղաքականություն

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։

«Այս գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։

Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության շարունակականությունը։ Դրա ոչնչացումը՝ հաստատված արբանյակային պատկերներով, հետևում է հայկական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ նախորդ հարձակումներին և արտացոլում է ավելի ընդգրկուն և կանխամտածված գործողություններ՝ վերացնելու հայկական պատմական հետքը։

Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և մշակութային ժառանգությունը պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավական կարգավորումների լուրջ խախտումներ, ինչպես նաև հակասում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք Ադրբեջանից պահանջում են կանխել և պատժել նման գործողությունները։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնում միջազգային պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։ Շարունակվող լռությունը վտանգում է անպատժելիության խորացումը և խաթարում արդարության հաստատման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հեռանկարները։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում՝

Անմիջապես իրականացնել վնասված տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության անկախ միջազգային մշտադիտարկում,

Կիրառել նպատակային միջոցներ՝ դիտավորյալ ոչնչացման համար պատասխանատվություն ապահովելու նպատակով,

Հարավային Կովկասի շուրջ միջազգային ներգրավվածության շրջանակներում բարձրացնել ժառանգության պաշտպանության առաջնահերթությունը,

Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր, ներառյալ՝ դիմել միջազգային դատական մեխանիզմներին։

Մշակութային ժառանգության ոչնչացումը հարձակում է ոչ միայն որևէ ժողովրդի ինքնության, այլև մարդկության համընդհանուր ժառանգության դեմ և պահանջում է արագ և սկզբունքային միջազգային արձագանք»,- նշված է հայտարարությունում։