Ի՞նչ է հայտնի այս պահին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

13 Հունիսի 2025, 09:55

Քաղաքականություն

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հունիսի 13-ի գիշերը սկսել է «Արթնացող առյուծ» լայնածավալ գործողությունը։Թեհրանում պայթյունների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են գիշերը:

Նշենք, որ գործողության շրջանակներում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին: Իրանին հարվածելու համար Իսրայելը 200 ինքնաթիռ է գործի դրել։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն ուղղված է հրեական պետության գոյության սպառնալիքի կանխմանը, քանի որ, իսրայելական հետախուզության տվյալներով, Թեհրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անվերադարձ կետին»:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ, ըստ իրանական ԶԼՄ-ների, ոչնչացվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը:

Հարվածների է ենթարկվել նաև Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտը, որը իրանցի զինվորականների տեղակայման վայրն է երկրի հյուսիս-արևմուտքում: ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ Իրանն ի պատասխան հարվածների՝ ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի հարվածներն Իրանին և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում:

Գործողության մեկնարկից առաջ Իսրայելի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են մտցրել, փակել են օդային տարածքը, ակտիվացրել են հիվանդանոցների աշխատանքի հատուկ ռեժիմը և կոչ են արել բնակչությանը հետևել քաղաքացիական պաշտպանության ծառայության ցուցումներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ Իսրայելի հարվածների ֆոնին նիստ է հրավիրել։ ԱՄՆ-ը պնդում է, որ չի մասնակցել և օգնություն չի ցուցաբերել Իսրայելին: