Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը
12 Սեպտեմբերի 2026, 20:00
Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի ժողովրդին հայտնի «Շատրվանների հրապարակում» գործող «Արդշինբանկ»-ի ապակյա դռները քաշել-բացելու միջոցով մուտք են գործել ներս և բանկը տակնուվրա են արել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ Քր․Օր․-ի 44-254 հոդվածի 3-րդ մասին 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ընթացքում պարզվում են նաև դեպքի հանգամանքները և արդյոք գողը կամ գողերը այնտեղից գումար հափշտակել են, թե ոչ, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։