Իլհամ Ալիևի հռետորաբանությունը հայերին ոչնչացնելու մասով շեշտակի աճել է․ ադրբեջանագետ
29 Մայիսի 2024, 21:53
Իլհամ Ալիևի հռետորաբանությունը հայերին ոչնչացնելու մասով շեշտակի աճ է գրանցել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Ադրբեջանի բռնապետի բառապաշարը, քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը,այդ թվում՝ ներքաղաքական բոլոր վերադասավորումներն ու մշակումները ունեցել են եթե ոչ երկակի, ապա եռակի աճ։
Իլհամ Ալիևի հռետորաբանությունը հայատյացության, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների, հայերին ոչնչացնելու սպառնալիքի ներքո շեշտակի աճ է գրանցել։ Այդ ջրաղացին առաջին ջուր լցնողը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է, որն իր ապիկարությամբ, միտումնավոր քաղաքականություն ձախողելով, վարում է այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանը դառնում է՝ ի շահ ու ի օգուտ Ադրբեջանի»,- նկատել է Գառնիկ Դավթյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի միակ նպատակը «Զանգեզուրի միջանցքն» ստանալն է։
«Տավուշով չեն սահմանափակվելու ադբեջանցիները։ Այս պահին քարոզչական դաշտում խոսում են Տիգրանաշենի մասին, որ գտնվում է Արարատի մարզում։ Բոլոր այս տարածքների, ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան է նշում, հետվերադարձի վերջնարդյունքը հայկական կողմից լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը։ Իրենք հիմնականում տնտեսական, քաղաքական շանտաժն են օգտագործում։ Երկու ճանապարհների բլոկադան, որ անցնում են Տավուշով ու Սյունիքով, Հայաստանը ծնկի կբերի՝ անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Իրանի ու Ռուսաստանի հետ՝ տնտեսական առումով»,- ասել է ադրբեջանագետը։
Դավթյանը նշել է՝ Ալիևի ծրագրերն իրագործելուց անմասն չի մնում ՀՀ ներկա իշխանությունը։
«Սա Ալիևը օգտագործելու է քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ասելու է՝ եթե ցանկանում եք անխոչընդոտ կապ ունենալ, կամ ձեր տրանսպորտը չստուգվի, դուք պետք է մեզ զիջեք «Զանգեզուրի միջանցքը»։ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ անմասն չի մնա՝ իր քաղաքական թիմով»,- եզրափակել է Գառնիկ Դավթյանը։