Իմ աշխատելու 12 տարվա ընթացքում երբևէ չի եղել, որ Ավետիք Իսահակյանի թանգարանը պահեստ լինի. տնօրեն

16 Մայիսի 2025, 18:23

Մշակույթ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանի գնահատմամբ՝ իր ենթակայությամբ գործող թանգարանը Հայաստանի ամենաակտիվ թանգարաններից մեկն է:

«Բազմաթիվ աշակերտներ ունենք, որոնք այցելում են մեր թանգարան: Մեր աշխատակիցները չեն հասցնում սպասարկել նրանց: 15-ից ավելի կրթական ծրագիր ունենք, որի շրջանակում երեխաներն այցելում են մեր թանգարան: Թանգարանը ստեղծել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, ստեղծել է մուլտֆիլմ, ստեղծել է ինտերակտիվ ծրագրեր, որոնց մեծ ակտիվությամբ մասնակցում են երեխաները: Այնպիսի հերթ է առաջանում, որ չենք հասցնում գրանցումներ անել: Հիմա էլ ունենք նոր ցուցադրություն, որը համոզված եմ շատ այցելուներ է ունենալու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արմենուհի Ավետիսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թանգարանների աշխատանքից այդքան էլ գոհ չէ: Նա մի քանի անգամ թանգարանները համեմատել է պահեստների հետ: Օրինակ, 2024-ի օգոստոսի 2-ին, Փաշինյանը Դիլիջանի երկրագիտական թանգարան այցի ժամանակ դժգոհել էր, որ թանգարաններում շարժ չկա:

«Թանգարաններում նույն նկարները կախված են տարիներ շարունակ….Եկեք արձանագրենք, որ մեր թանգարանները հիմնականում պահեստ են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Alpha News-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Փաշինյանի այդ գնահատականի հետ: Արմենուհի Ավետիսյանը հարցին ուղիղ պատասխան չտվեց, ասաց միայն, որ Կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունն ակտիվ միջոցառումներ են ձեռնարկում:

«Արդեն մեծ արդյունքներ ունենք, որոնք տեսանելի են: Եթե վաղը՝ թանգարանների գիշերը, շրջեք թանգարաններում, կտեսնեք, թե ինչիպիսի լավ արդյունքներ ունենք….Ե՛վ երևանյան, և՛ մարզային թանգարաններում ակտիվություն է նկատվում, քանի որ այդ ուղղությամբ թիրախային աշխատում են: Իհարկե, եթե խնդիր կա, ուրեմն պետք է առերեսվել դրա հետ ու լուծել այն և այդ խնդիրը լուծվում է, որովհետև մեծ միջոցներ են ծախսվում մշակութային կյանքը ակիտվացնելու և զարգացնելու ուղղությամբ: Ես 12 տարի աշխատում եմ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, երբևէ նման բան չի եղել, (խմբ.- նկատի ունի, որ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը չի եղել պահեստ), բայց գուցե կան թանգարաններ, որոնք այդ կարգավիճակում են, կրկնում եմ՝ պետք է առերեսվել խնդրի հետ և փորձել լուծել այն»,- ընդգծեց Արմենուհի Ավետիսյանը: