«Իմ մեջ հայկական արյուն է հոսում, բայց ինձ Հայաստան չեն հրավիրում»․ Կարեն Շահնազարով
Կինոռեժիսոր և «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեմ չէր լինի այցելել Հայաստան և մոտիկից ծանոթանալ հայկական կինոյին, բայց նրան չեն հրավիրում:
«Այսօր բավականին շատ հայեր աշխատում են ռուսական կինոարդյունաբերությունում, նրանք, իհարկե, ռուսաստանյան ռեժիսորներ են։ Սակայն ես համատեղ նախագծեր չեմ տեսնում։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ավանդական կապերը Ռուսաստանի հետ և ռուսական շուկան ենթադրում են, որ համատեղ արտադրությունը շատ շահավետ կլիներ բոլորի համար։ Այն շահավետ է նաև Ռուսաստանի համար։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ այդ կապերը պետք է զարգացնել, և շատ լավ է, որ այս փառատոնը սկզբունքորեն դրանով էլ զբաղվում է։ Եվ փառատոնի անունը «Եվրասիա» է: Դա կարևոր է», — ասել է նա։
Պատասխանելով Alpha News-ի հարցին, թե արդյոք ունեցել է Հայաստանի մասին, հայկական թեմատիկայով ֆիլմ նկարահանելու մտադրություն, Շախնազարովը նշել է, որ դեռևս նման գաղափարներ չկան, բայց դա չի բացառվում:
«Ես չեմ բացառում, որ դա կարող է տեղի ունենալ, ես վաղուց հայկական կինո չեմ դիտել։ Իսկ որտե՞ղ կարող եմ այն տեսնել։ Ի դեպ, ինձ Հայաստան չեն հրավիրում։ Հավանաբար,ինչ-որ քաղաքական հայացքների պատճառով, չգիտեմ։ Բայց, իհարկե, ցանկություն ունեմ, ինձ հետաքրքիր է։ Այնուամենայնիվ, իմ մեջ հայկական արյուն է հոսում։ Այնպես որ, ես մեծ հաճույքով կգայի։ Այդ իսկ պատճառով ես քիչ բան գիտեմ հայկական կինոյի մասին, բայց մեծ հաճույքով պատրաստ եմ համագործակցել», — հավելել է Շահնազարովը։