Ինչ է սպասվում կարկուտից տուժած գյուղացիներին և կոնյակագործներին. նախարարը մանրամասնել է

15 Մայիսի 2025, 13:42

Տնտեսություն և Բիզնես

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այցելել է Արարատի մարզ, իսկ առաջիկայում կայցելի նաև այլ մարզեր:

Ըստ նախարարի՝ մարզպետարանների, համայնքների աշխատանքային խմբերը նախարարությունների հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասները գույքագրելու համար, որից հետո համապատասխան որոշումներ կընդունվեն, թե ինչպես պետք է աջակցել քաղաքացիներին, որպեսզի գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չընկնի:

«Հաշվարկներ կան, բայց գյուղ կա, որ երեկ է եկել կարկուտը: Մի մարզի մի գյուղում երեկ է եղել, ընդ որում՝ գյուղի մի մասում»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ գույքագրումը շարունակվում է:

Անդրադառնալով վրացական անցակետում մնացած կոնյակի սպիրտի բեռնատարներին՝ նախարարը նշել է.

«Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել և ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին կայցելեմ Վրաստանի Հանրապետություն ևս մեկ անգամ հարցերն արդեն տեղում լուծելու, հասկանալու համար»:

Հիշեցնենք, որ կոնյակագործները մայիսի 13-ին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն: Նրանք դժգոհում էին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեզի անցակետում՝ փորձաքննություն իրականացնելու պատրվակով, մինչդեռ Վրաստանն ընդամենը տարանցիկ երկիր է: