Ինչ են խոսել Ալիևն ու Փաշինյանը ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ

25 Մայիսի 2023, 18:35

Քաղաքականություն

Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին այսօր՝ մայիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսեց այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին, որն ըստ նրա՝ ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ, այլեւ միջազգային երկաթուղային ճանապարհների հիմնական երթուղիներից կդառնա։

Իլհամ Ալիեւի այս հայտարարությունն անպատասխան չթողեց նիստին ներկա Հայաստանի վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահի օգտագործած արտահայտությունը վերջին տարիներին ծառայում են որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։

«Դա օգտագործվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարման շրջանակներում, ես ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, որը Լաչինի միջանցքն է, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, այն ապօրինի արգելափակված է Ադրբեջանի կողմից:

Մյուս կողմից էլ ուզում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում եւ կոմունիկացիաների, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, մենք դա անվանում ենք՝ հայկական խաչմերուկ, եւ մենք պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են:

Ես նկատի ունեմ այն տնտեսական, տրանսպորտային կապերը, որոնք նախատեսված են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով Հայաստանի վարչապետին, Ռուսաստանի նախագահն ասաց, թե Ալիեւը խոսում էր համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին, որոնք հաստատված են 1991թ. պայմանագրերով:

«Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ: Ուրախ եմ նշել, որ Հայաստանը նույնպես դրական է մտածում»,- ասաց Վլադիմիր Պուտինը եւ հույս հայտնեց, որ եռակողմ հանդիպման ընթացքում այսօր կխոսեն այդ մասին ավելի մանրամասն:

 Իլհամ Ալիեւն ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ասաց, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:
«Պետք է շատ լավ փորձել կամ էլ բուռն երեւեկայություն ունենալ եւ տեսնել այդ տարածքային պահանջները: Ինչ վերաբերում է միջանցք բառին, որը ես օգտագործեցի, նույն կերպ էլ ես այդ բառն օգտագործեցի նաեւ Հյուսիս-Հարավ միջանցքի, Արեւելք-Արեւմուտք միջանցքի հետ կապված:

Միջանցքի անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»,- նշեց Իլհամ Ալիեւը: