Ինչո՞վ են տարբերվում Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականները. մարզական մեկնաբանի վերլուծությունը

26 Հունիսի 2026, 23:21

Կարծիք | Սպորտ

Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականները զգալիորեն տարբերվում են թե՛ մարտավարությամբ, թե՛ մարզիչներով և թե՛ խաղային մոտեցումներով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:

«Ֆուտբոլի աշխարհի այս առաջնության ընթացքում ես համոզվեցի, որ Լիոնել Մեսսիի ազդեցությունը Արգենտինայի հավաքականի վրա ավելի մեծ է, քան Կրիշտիանու Ռոնալդուինը՝ Պորտուգալիայի ընտրանու վրա։ Լիոնել Մեսսին ամբողջությամբ ներկայացնում է Արգենտինայի հավաքականը։ Մինչև այժմ հավաքականն անցկացրել է 2 հանդիպում, խփել է 5 գոլ, և դրանց բոլորի հեղինակը Մեսսին է»,- նշել է մարզական մեկնաբանը։

Նրա խոսքով՝ Մեսսին Ավստրիայի դեմ խաղից առաջ ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ, և երբ նրա խաղը չէր ստացվում, չէր ստացվում նաև Արգենտինայի հավաքականի խաղը։

«Պորտուգալիայի հավաքականն էլ իր հերթին վաղուց կայացել է որպես շատ ուժեղ թիմ՝ առանց Կրիշտիանու Ռոնալդուի, և դրանում մենք բազմիցս համոզվել ենք։ Պորտուգալիայի հավաքականի խաղը կառուցված չէ մեկ ֆուտբոլիստի շուրջ, որը վերջում եզրափակելու է փոխանցումները»,- ընդգծել է Ռոբերտ Գասպարյանը: