«Արևմտյան Ադրբեջան» օրակարգը խանգարում է խաղաղության գործընթացին․ Վիլեն Գաբրիելյան
10 Օգոստոսի 2026, 17:22
«Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ խոսույթը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը։ Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի հարցին, թե ինչպես է գնահատում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցի՝ Հայաստանի նկատմամբ ստեղծած ռիսկերը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջ մղվող այդ օրակարգը որոշակի նպատակներ է հետապնդում։
«Այդ խոսույթը բավականին զգացմունքային բաղադրիչ ունի, որը մեր հանրության համար ընկալելի չէ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված այդ օրակարգը, իհարկե, հետապնդում է որոշակի նպատակներ՝ հնարավոր մաքսիմում և մինիմում, բայց այն, որ իր մեջ պարունակում է ռիսկ, միանշանակ այդպես է։ Այդ գործընթացը, որպես օրակարգ, իր մեջ պարունակում է բավականին մեծ կեղծավորություն և խանգարում է խաղաղության գործընթացին»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը։