Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Ադրբեջան՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով

22 Սեպտեմբերի 2026, 21:45

Քաղաքականություն

Իրանական ավիաընկերությունները սեպտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցրել են չվերթները դեպի Ադրբեջան։ Պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նոր փաթեթն է, որն անմիջականորեն թիրախավորում է ավիացիոն ոլորտը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունից հաստատել են, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել է ամերիկյան նոր սահմանափակումների պատճառով։

ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 8-ին․ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը «սև ցուցակում» էր ներառել Իրանի ավիացիոն ոլորտի հետ կապված 36 անհատի և կազմակերպության։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը զգուշացրել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական փոխադրողները միջազգային թռիչքներ իրականացնելիս բախվելու են լուրջ խոչընդոտների։ Ըստ նրա՝ այն օտարերկրյա օդանավակայանները, վառելիք մատակարարողներն ու սպասարկող ընկերությունները, որոնք համագործակցությունը կշարունակեն իրանական ավիաընկերությունների հետ, նույնպես կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ։

Հատկանշական է, որ սեպտեմբերի 22-ին իրանական «Iran Air» ավիաընկերությունը հայտարարել էր, թե Բաքու, Ստամբուլ և Նաջաֆ չվերթների դադարեցման վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռևս չի ստացել։