Իրանցի փորձագետները չէին թաքցնում, որ ՀՀ-ի հետ զորավարժություններն ուղերձ են այլ ուժերին. Շահնազարյան
17 Ապրիլի 2025, 22:15
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն: Այն ենթադրում էր Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:
«Պետք է հատուկ ընդգծել և կարևորել Իրանի փորձագիտական շրջանակների արձագանքն այս զորավարժություններին: Նրանք ողջունել են այս զորավարժությունների կայացումը, քանի որ վերջին տարիներին Իրանի փորձագիտական շրջանակները բազմիցս են խոսել նման զորավարժություններ անցկացնելու, Իրանի ու Հայաստանի միջև անվտանգային ու ռազմական ոլորտներում համագործակցության անհրաժեշտության մասին:
Փորձագետները շեշտում էին, որ սա հստակ ուղերձ էր թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային այն ուժերին, որոնք ցանկանում են անտեսել, հաշվի չառնել Իրանի կարմիր գծերը տարածաշրջանում, և որոնք փորձում են խաթարել Իրան-Հայաստան սահմանային գոտին: Այն, ի դեպ, շատ մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար»,- նշել է Շահնազարյանը:
Նա իր խոսքում նաև ընդգծել է՝ զորավարժությունների հասցեատերերը առաջին հերթին Բաքուն և Անկարան են:
«Ակնկալելի էր, որ թե՛ Բաքվից, թե՛ Անկարայից ջղաձգորեն են արձագանքելու այս ամենին, քանի որ զորավարժությունների հասցեատերերն առաջին հերթին հենց նրանք էին: Իսկ երկրորդ պլանում ուղղված էր Իսրայելին և Արևմուտքին: Այս զորավարժություններից հետո Ալիևը սկսեց խոսել Իրանի հետ հարաբերությունների խնդրի մասին, նշել, թե Իրանն ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- եզրափակել է Շահնազարյանը: