Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից

15 Մայիսի 2025, 13:25

Տնտեսություն և Բիզնես

Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտահանման կենտրոնը:

Ռուսաստանի արտահանման կենտրոնի կայքի «Արտահանողի գիտելիքների բազա» բաժնում գործարարները կարող են գտնել վիդեո ուղեցույց՝ Իրանի հետ առևտրի նոր ռեժիմի ամբողջական վերլուծությամբ:

«Ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանում արտադրված գրեթե բոլոր ապրանքները իրանական շուկա մուտք գործելու բացառիկ պայմաններ կունենան։ Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ներմուծման մաքսատուրքերի վերացումից բացի, համաձայնագրի կողմերը պայմանավորվել են չկիրառել ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներ, ինչպես նաև պարզեցնել և արագացնել մաքսային ընթացակարգերը, հասկանալի և կանխատեսելի կանոններ սահմանել տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում: