Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը պետք է վերջնականապես համաձայնեցվի․ Ղալիբաֆ

05 Հոկտեմբերի 2026, 21:15

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի անփոփոխ քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է՝ ինչպես գործնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։

Ղալիբաֆը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններից բացի, Իրանը և Հայաստանը կարող են քննարկել նաև Կովկասին վերաբերող տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների հետ կապված խնդիրները։

«Այսօր Կովկասի տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և այդ խաղաղությունը պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ»,– ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության՝ որպես օրինակ մատնանշելով Պարսից ծոցի տարածաշրջանը։

Ղալիբաֆի խոսքով՝ որոշ երկրներ կարծում էին, որ օտարերկրյա տերությունների ներկայությունը կարող է նպաստել իրենց անվտանգության ապահովմանը, սակայն դրա հետևանքը դարձել է անկայունությունը։ Նա պնդել է, որ այդ ուժերը հիմնականում ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին և ռեսուրսներին՝ հետապնդելով սեփական շահերը։

Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում կարծիքների փոխանակումն ու կայուն համագործակցությունը կարող են նպաստել տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններում նոր հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքների ապահովմանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան կողմը ռազմական առճակատման ընթացքում չի հասել իր նպատակներին և պարտություն է կրել։ Նա նաև նշել է, որ քաղաքական ոլորտում փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքում ԱՄՆ-ը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով, ըստ նրա, ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը։

Հիմա եթերում