Իրանի պատերազմը հարվածել է Թրամփի դիրքերին, իսկ TRIPP նախագծի ապագան հարցականի տակ է․ Գեորգի Ասատրյան

11 Նոյեմբերի 2026, 21:29

Կարծիք | Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության պատճառները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության ֆոնին TRIPP նախագծի ապագան։

«Իսկապես, սա ջախջախիչ պարտություն էր Թրամփի, թրամփիզմի և Հանրապետական կուսակցության համար։ Մենք ականատես եղանք աննախադեպ արդյունքների՝ դեմոկրատների համոզիչ հաղթանակին և մի շարք նահանգներում ստեղծված, շատ առումներով հեղափոխական իրավիճակին։ Իմ կարծիքով՝ դեմոկրատների ճամբարում իսկապես լուրջ աշխատանք էր տարվել։ Սկզբնական շրջանում թրամփիզմը բավականին հաջող էր զարգանում, սակայն հետագայում մեկը մյուսին հաջորդեցին սխալ որոշումները։

Հիմնական գործոններից մեկը Իրանի պատերազմն էր։

Ընդ որում՝ խնդիրը ոչ այնքան ռազմական հակամարտությունն էր, որքան դրա հետևանքները։ Եթե պատերազմը կարճատև լիներ և լուրջ տնտեսական հետևանքներ չունենար, ամերիկյան հասարակությունն այն շատ ավելի հանգիստ կընդուներ։ Սակայն արդյունքում դրա հետևանքները զգացին ԱՄՆ հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները․ թանկացան բենզինը, դիզելային վառելիքն ու սննդամթերքը։ Ամերիկյան հասարակության լայն շրջանակներն, այդ թվում՝ բանվոր դասակարգի և միջին խավի ներկայացուցիչները, հիասթափվեցին թրամփիզմին բնորոշ պահպանողականությունից», — ասել է Ասատրյանը։

Խոսելով TRIPP նախագծի հեռանկարների և Իրանի դիրքորոշման մասին՝ փորձագետը նշել է, որ նախաձեռնության ապագան շարունակում է անորոշ մնալ։

«Այս նախագիծը բավականին մշուշոտ ապագա ունի։ Վստահ չեմ, որ այն կավարտվի և ամբողջությամբ կիրականացվի։ Նախ՝ ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել, երկրորդ՝ այս նախագծի նկատմամբ ամերիկյան քաղաքական վերնախավերի վերաբերմունքը նույնպես կարող է վերանայվել։ Միայն այն հանգամանքը, որ նախաձեռնությունը կրում է Թրամփի անունը, արդեն իսկ կարող է դրա վերանայման պատճառ դառնալ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ շատ ավելի կոշտ է, և նախագծի հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հենց այդ դիրքորոշումը։ Իրանը գնալով ավելի բացասաբար է վերաբերվում իր հյուսիսային սահմանների մոտ օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկացի զինվորականների կամ ռազմական ոլորտի հետ առնչվող մասնագետների ներկայության հեռանկարին։

Եթե տարածաշրջանային լարվածությունը շարունակի աճել, չի կարելի բացառել նաև Թեհրանի հնարավոր գործողությունները նախագծի հետ կապված ենթակառուցվածքային օբյեկտների դեմ։ Հետևաբար, TRIPP-ի հեռանկարները շարունակում են խիստ անորոշ մնալ։ Չեմ կարծում, որ այս նախագիծը ներկայումս ներկայացվող տեսքով կարող է վերածվել առանձնապես լայնածավալ և նշանակալի նախաձեռնության», — ընդգծել է Ասատրյանը։