Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում մնալու է նույնը՝ ով էլ լինի նախագահը․ Արամ Շահնազարյան

22 Մայիսի 2024, 22:10

Քաղաքականություն

Իրանի նախագահի մահից հետո այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում փոփոխություններ չի կրելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Իրանը, բնականաբար, անցումային փուլ է ապրելու։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նշանակված են նախագահական ընտրություններ։ Մենք պետք է տեսնենք՝ ինչ ընթացք կունենան այդ ընտրությունները, երկրի գործադիր ղեկավարն ով կլինի, ինչպիսին կլինի արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ, որ Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում փոփոխություններ չի կրելու, մնալու է նույնը՝ ով էլ լինի նախագահը, ԱԳ նախարարը։

Փաստացի, նոր ԱԳ նախարարի պաշտոնակատարը հետևում է նույն գծին, ինչ նախկին ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Երկրի առաջնորդն էլ անմիջապես դեպքից հետո հայտարարեց, որ արտաքին քաղաքականության ուղղության մեջ ու, ընդհանրապես, երկրի ղեկավարման գործում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու։ Սա ազդանշան է թե տարածաշրրջանային, թե արտատարածաշրջանային ուժերի ու հարևան երկրների համար»,- ընդգծել է Արամ Շահնազարյանը։

Նա անդրադադարձել է նաև Փաշինյանի ու Իրանի հոգևոր առաջնորդի այսօրվա հանդիպմանը հնչած կարևոր հայտարարություններին։

«Այսօր Փաշինյանը և իր պատվիրակությունը Թեհրանում էին։ Հանդիպում է ունեցել գերագույն հոգևոր առաջնորդի հետ, որտեղ երկրի առաջին դեմքի մակարդակով հնչել է նույն կարծիքը, որ կարևորում են Հյաաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Հոգևոր առաջնորդը հստակ ու ուղիղ նշել է՝ Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումը կարևոր է Իրանի համար, ու նրանք ունեն թշնամիներ, կան ուժեր, որ չեն ցանկանում՝ այդ հարաբերությունները ամրապնդվեն ու զարգանան»,- ասել է մեր զրուցակիցը։