Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ հարցում
06 Հոկտեմբերի 2026, 15:30
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ հարցումը գրանցվել է երկրի խորհրդարանի՝ Մեջլիսի համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։
«ԱԳ նախարար Արաղչիի իմպիչմենթի վերաբերյալ հարցումը գրանցվել է համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել նախագահությանը։ Հավանաբար պատգամավորներից մեկն է գրանցել այդ հարցումը, սակայն այսօր այն չի փոխանցվել նախագահությանը»,- ասել է Ռաշիդին։
Իմպիչմենթի գործընթացի նախաձեռնողը Թեհրանից ընտրված պատգամավոր Ամիր Հոսեյն Սաբեթին է։ Արաղչիին ուղղված մեղադրանքների թվում նա նշել է Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Իրանի ԱԳ նախարարի վերջին շփումները, որոնք, պատգամավորի պնդմամբ, տեղի են ունեցել առանց Իրանի գերագույն առաջնորդի թույլտվության։