Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Իրանի ԱԳ նախարար
27 Դեկտեմբերի 2023, 17:10
Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն է հայտարարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«ՀՀ ԱԳ նախարարին այսօր հայտնել եմ Թեհրանի համաձայնությունը, որպեսզի Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնվի։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ներկա կլինենք հյուպատոսության բացման արարողության»,– ասել է իրանցի պաշտոնյան:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հարցերի մասին, ինչպես նաև այն դերակատարության, որ ԻԻՀ–ն կարող է ունենալ որպես երաշխավոր։
Աբդոլլահիանը շեշտել է՝ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։