Իրանն ապացուցեց՝ իր «աշխարհագրական զենքն» ավելի ուժեղ է, քան ամերիկյան դիվանագիտությունը. Խայալ Մուազզին

Իրանցի միջազգայնագետ լրագրող Խայալ Մուազզինը Alpha News-ի համար մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, իրադարձությունների հնարավոր զարգացումը, ինչպես նաև հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Իրանի հասարակությունը կարծում է, որ այս բանակցությունները որևէ օգուտ չեն բերի իրանցի ժողովրդին։ Մենք այդքան անգամ բանակցել ենք Ամերիկայի հետ, և ի՞նչ տեսանք։ Կորցրինք մեր գեներալներին, միջուկային գիտնականներին, ի վերջո՝ Գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիին, և սա ապացուցում է, որ Ամերիկան հասկանում է միայն ուժի լեզուն։ Ամերիկան չի ընդունում դիվանագիտության ուղին։

Ես կարծում եմ, որ Իրանն ու Ամերիկան պատրաստվում են պատերազմի նոր փուլի. սա ժամանակավոր դադար է։ ԱՄՆ-ը գաղտնի համախմբում է իր դաշնակից երկրներին, իսկ Իրանը նույնպես հզորացնում է իր ռազմական ուղղություններն ու զինված ուժերը։ Հաջորդ պատերազմը շատ դաժան է լինելու և վերածվելու է տարածաշրջանային պատերազմի։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև իր ելույթում նահատակ Խամենեին ասել էր, որ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմ սկսվի, այն կդառնա տարածաշրջանային։

Իմ վերլուծական հոդվածում ես գրել եմ, որ Հորմուզի նեղուցը փորձադաշտ է եղել Ամերիկայի համար։ Այդ մասին խոսել է նաև ինքը՝ Թրամփը։ Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցը փորձադաշտ է եղել իրենց համար, և դա ապացուցում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դիտարկում են պատերազմների անցկացումն այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ այստեղ»,- նշել է փորձագետը։

Լրագրողի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես խաբում է հանրությանը և հանդես գալիս պաթոսային հայտարարություններով։

«Լիբանանի հարցի վերաբերյալ, օրինակ, Թրամփն իր քաղաքական հայտարարություններում պնդում է, թե իբր ինքն է կառավարում Իսրայելին՝ ասելով, թե զգուշացրել է Նեթանյահուին չհարձակվել Լիբանանի վրա և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Թրամփը, ինչպես միշտ, խաբում է հանրությանը, և սա նույնպես հերթական պաթոսային հայտարարությունն է։ Մենք տեսնում ենք, թե որքան կարևոր դեր է խաղում իսրայելական լոբբին ամերիկյան սենատորների համար, և որ նրանք չեն կարող ազդել Իսրայելի որոշումների վրա։ Իսրայելը շարունակելու է գնալ իր ճանապարհով և հրահրելու է ողջ տարածաշրջանը։

Ես կարծում եմ, որ ԱՄՆ-Իրան դիմակայության մեջ հաղթողն, անշուշտ, լինելու է Իրանը, և այդ ժամանակ տարածաշրջանում կձևավորվի նոր աշխարհակարգ, որտեղ կարևորագույն դեր են խաղալու նաև Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը։ Եվ աստված մի արասցե, եթե հաղթողը լինի Ամերիկան. այդ դեպքում 100 տարի տարածաշրջանը կառավարելու են Էփշտեյնի կղզու այդ բոլոր հաճախորդները. մենք բոլորս տեսել ենք, թե նրանք ինչպես էին վարվում երեխաների հետ»,- ասել է Մուազզինը։

Ինչպես նշել է լրագրողը, եթե Իրանը շարունակեր փակ պահել Հորմուզի նեղուցը ևս երկու ամիս, ապա համաշխարհային տնտեսական ճգնաժամը կխորանար բազմապատիկ։

«Ռուսական քաղաքական էլիտաները, ինչպես և շատ ուրիշներ, հայտարարեցին, որ իրենք չէին կարծում, թե Իրանը կկարողանա մեկ ամսից ավելի փակել Հորմուզի նեղուցը։ Բայց իրանցի ժողովուրդը, ինչպես նաև ողջ աշխարհը տեսավ, որ Իրանն ունի ևս մեկ աշխարհագրական զենք՝ Հորմուզի նեղուցը։ Իրանը մի քանի ամսով փակեց Հորմուզի նեղուցը, և ողջ աշխարհը զգաց տնտեսական ճգնաժամը։ Եթե Իրանը շարունակեր ևս երկու ամիս փակ պահել նեղուցը, ապա տնտեսական ճգնաժամը կխորանար բազմապատիկ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակն ապացուցեց իր բոլոր հնարավորությունները։ Թրամփը մի քանի անգամ ցանկացել է հարձակվել և գործողություններ իրականացնել Խարկ կղզում ու Բենդեր Աբասում։ Սակայն այդ ամենը հաջողությամբ չպսակվեց. ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը), ինչպես նաև Իսլամական Հանրապետության բանակը պաշտպանում էին իրենց ժողովրդին և մինչ օրս շարունակում են պաշտպանել։ Ես ինքս եղել եմ Հորմուզի նեղուցում, տեսել եմ, թե որքանով է ամեն ինչ գտնվում ԻՀՊԿ-ի վերահսկողության տակ, չնայած նրան, որ Թրամփն իր Twitter-ում գրում է, թե իբր Հորմուզի նեղուցն ինքն է կառավարում։ Բայց իրականում Հորմուզի նեղուցը կառավարում է Իրանի Իսլամական Հանրապետությունը և կառավարելու է նաև հետագայում»,- ասել է փորձագետը։