Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաքվի նկատմամբ. ափսոս՝ ՀՀ-ում այս իշխանությունն է. Յունանեսյան

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժամանակավոր կասեցված են, սակայն ամեն րոպե կարող են վերսկսվել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Թեհրանի հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:

Նրա խոսքով՝ Իրանն ու Իսրայելը պատրաստ են ապագա պատերազմին:

«Իրանը հնարավորություն ունի սկսելու իր միջուկային ծրագիրը: Դեռ ամիսներ կտևի վերականգնվելու համար: Չմոռանանք, որ այս ընթացքում թիրախավորվել են միջուկային ծրագրի շուրջ 17 մասնագետներ, և վերականգնումը կարող է ամիսներ տևել: Այս պահին կողմերից ոչ մեկը հաղթող չէ»,- ասել է Իսակ Յունանեսյանը:

Նա նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունն այս հակամարտության ֆոնին աճում է: «Այսօր կարդացի իրանցի մասնագետի մեկնաբանությունը, ով փաստերով ներկայացրեց, որ Արցախի օկուպացված տարածքներից անօդաչուներ են արձակվել Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ»,- հայտնել է Թեհրանի հայ դատի հանձնախմբի նախագահը:

Խոսելով Իրան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին՝ Իսակ Յունանեսյանը նշել է. «Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաքվի նկատմամբ: Ափսոս, որ ՀՀ-ում չունենք ազգային իշխանություն, որը կարող էր օգուտ քաղել այս իրավիճակից մեր ժողովրդի համար»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցը պայմանավորված էր Իրան-Իսրայել պատերազմով:

«Իրանը միշտ ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» իր կարմիր գիծն է, և դա չի բխում Հայաստանի շահերից: Եթե Հայաստանը ցանկանա միակողմանի զիջման գնալ և այդ միջանցքը հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, ապա Իրանը ոչինչ չի կարող անել: Իսկ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողությունների դիմեն, Իրանը կմիջամտի»,- հավելել է նա: