Իրանն ու Ռուսաստանը նվազագույնի կհասցնեն Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում․ Վարդան Ոսկանյան

17 Հունվարի 2025, 23:15

Քաղաքականություն

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքիանը համաձայնագիր են ստորագրել Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Մենք դեռևս շատ տեղեկություն չունենք նշված համաձայնագրի կետերի վերաբերյալ։ Ակնհայտ է՝ թեև պայմանագրով արձանագրված չի լինի, բայց հանդիպումից հետո կամ առաջ քննարկվել է Հարավային Կովկասի խնդիրը։ Այս տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, և՛ ռուսական, և՛ իրանական կողմի շահերից չի բխում Թուրքիայի ներկայությունը մեր տարածաշրջանում։ Բայց նրանք հաշվի են առնում նաև իրենց ռեսուրսային ծանրաբեռնվածությունը՝ Իրանի պարագայում՝ Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի՝ հատկապես ուկրաինական պատերազմում»,- նկատել է իրանագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ նրանք եթե չչեզոքացնեն, ապա կփորձեն գոնե նվազագույնի հասցնել Թուրքիայի ներկայությունը մեր տարածաշրջանում։

«Ըստ էության, այժմ փորձում են դիրքավորվել այնպիսի իրականության մեջ, որտեղ Հարավային Կովկասում կա Թուրքիա։ Սա չի նշանակում, որ կողմերը հաշտվելու են թուրքական ներկայության հետ ու փորձեր չեն անելու այդ ներկայությունը զրոյացնել կամ հասցնել նվազագույնի»,- եզրափակել է Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ փաստաթուղթը կփոխարինի Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել էր դեռ 2001 թվականին։

Կողմերը նոր համաձայնագրի մշակման վրա աշխատում են 2022 թվականից։

Վլադիմիր Պուտինը ստորագրված համաձայնագիրը բեկում է անվանել երկու երկրների և ողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Պուտինը Իրանի ղեկավարի հետ բանակցությունները որակել է որպես բարեկամական և կառուցողական՝ նշելով, որ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի մեծ մասում համընկնում են։