Իրանում ևս սպասողական վիճակ է, Թեհրանը վերածվել է դիվանագիտական խաչմերուկի․ Արամ Շահնազարյան
06 Օգոստոսի 2024, 23:00
Իրանի պաշտոնյաները միաբերան շեշտում են, որ իրենք չեն ձգտում լայնածավալ պատերազմի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Թեհրանում ներկա պահին սպասողական մթնոլորտ է։ Թեհրանը վերածվել է դիվանագիտական խաչմերուկի, տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցիչներ այս օրերին այցելում են Իրան՝ սկսած արտգործնախարարից, խորհրդարանի փոխվարչապետից, մինչև ՌԴ-ի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի այցը։ Բոլոր այցերի առանցքում տարածաշրջանային իրավիճակն է, Իրան-Իսրայել հակամարտությունը, և փորձ է արվում հնարավորինս լարվածությունը թուլացնել։ Այնուամենայնիվ ,ընթացքը, որը տեղի է ունենում, և պաշտոնական լրահոսը, որ այս հանդիպումներից հետո թողարկվում է, մի բանի մասին է վկայում՝ Իրանի պաշտոնյաները միաբերան շեշտում են, որ իրենք չեն ձգտում լայնածավալ պատերազմի, բայց քանի որ Իսրայելի գործողությունները խախտեցին միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները, խախտեցին Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պատասխան հարվածն անխուսափելի է և լինելու է»,- նշեց Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հարվածը լինելու է նպատակային և հնարավորինս արդյունավետ։
«Ըստ իս՝ ներկա դրությամբ Իրանը պատրաստվում է այդ հարվածին։ Ըստ իրանական քաղաքական դպրոցի ավանդույթի, բնականաբար, այդ հարվածը հապճեպ չի լինելու, ձևական կամ աչք ծակող չի լինելու։ Այն պետք է լինի նպատակային և հնարավորինս արդյունավետ։ Իրանը պատրաստվում է դրան՝ հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում, հաշվի առնելով միջազգաին հարաբերությունները և այն հանգամանքը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հարվածը։ Այս ամենի ֆոնին կատարվում են իրադարձությունները, և պետք է սպասել զարգացումներին»,- եզրափակեց Շահնազարյանը։