Իրանում պաշտոնանկությունները կբարդացնեն Արևմուտքի հետ բանակցությունները. Իրինա Ֆյոդորովա
03 Մարտի 2025, 21:50
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Միջին և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ին մեկնաբանել է Իրանում քաղաքական գործիչների հրաժարականը։
«Չեմ կարծում, որ այժմ, այսպես կոչված, իրանցի պահպանողականների և իրանցի ռեֆորմիստների միջև պայքարում գնդակը պահպանողականների դաշտում է։ Փաստն այն է, որ խորհրդարանում՝ Մեջլիսում, որը ներկայումս գործում է, մեծամասնությունը պահպանողականներն են։ Բայց դա չի նշանակում, որ հասարակության մեջ պահպանողականներն ավելի մեծ վստահություն ունեն, քան բարեփոխիչները:
Փոխնախագահ Զարիֆը, ով պատասխանատու է Իրանի քաղաքականության ռազմավարական տեսլականի համար, մեծ դժգոհություն առաջացրեց անգամ Իրանի ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրության ժամանակ, քանի որ հենց Զարիֆն էր Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու առանցքային դեմքը։
Իսկ խորհրդարանն արդեն այն ժամանակ ջանքեր էր գործադրում և հավանություն չէր տալիս Զարիֆ գործչին այն պաշտոնում, որը նրան առաջարկել էր Իրանի նախագահը։ Եվ հիմա ամբողջ Իրանում արևմտականների ուժեղացումը թույլ չտալու համար խորհրդարանը նման որոշում է կայացրել»,- ասել է Ֆյոդորովան։
Փորձագետի կարծիքով՝ հրաժարականները կհանգեցնեն նրան, որ Իրանի մոտ կբարդանան Արևմուտքի հետ բանակցելու հնարավորությունները։
«Այս պաշտոնանկություններն, իհարկե, կբարդացնեն բանակցություններն Արևմուտքի հետ ընդհանրապես և, իհարկե, Միացյալ Նահանգների հետ, քանի որ Զարիֆի այդ ֆիգուրը վստահություն է առաջացնում և Միացյալ Նահանգներում, և Արևմուտքում։
Զարիֆը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, առաջատար դեր է խաղացել միջուկային գործարքի շուրջ բանակցություններում: Ուստի, իհարկե, Իրանի համար կբարդանան Արևմուտքի հետ բանակցությունների հնարավորությունները։ Բայց մենք կտեսնենք, թե ինչպես կվարվի նախագահը, միգուցե նա նրան այլ պաշտոն կառաջարկի, որը կրկին շատ ծանրակշիռ կլինի և շատ առումներով կորոշի Իրանի դիրքորոշումը արևմտյան երկրների նկատմամբ»,- եզրափակել է Ֆյոդորովան։